Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Փնտրես` կգտնե՞ս…

Դեկտեմբեր 19, 2009թ. 12:38

jobless(1)Հայաստանի աշխատաշուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անցումային բնույթի տնտեսությամբ այլ երկրների պես, գործազրկության մակարդակն այստեղ էլ բարձր է` հատկապես, երիտասարդության շրջանում այն անցնում է  50%-ը։ Մեզանում բարձր է, հատկապես, երկարատեւ գործազրկության մակարդակը, իսկ կրթությունը` որպես «ուղիղ ճանապարհ» ուղին ընտրածների 56%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ։ Փաստ է նաեւ, որ մեր երկրում առաջարկվող աշխատատեղերի համար տարիքային առավելագույն շեմը 30 տարին է (դա են վկայում աշխատանքի հրավիրող հայտարարությունները)։ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը ստեղծված իրավիճակից` դեռ անցած տարի հետեւություն արեց, ըստ որի, դրա պատճառն աշխատաշուկայի պահանջներին անհամապատասխան մասնագիտական ընտրությունն է։ Ստեղծվեց «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն», որը մեծ կյանք մտնողներին պետք է օգնի մասնագիտության ճիշտ ընտրության հարցում… Փաստ է նաև այն, որ երկրիս աշխատաշուկան ողողված է հիմնականում սպասարկման ոլորտի ներկայացրած հայտերով։ Այսինքն` հրաժե՞շտ տանք բարձրագույն մասնագիտական կրթությանը… Իրականում ի՞նչ դերակատարում ունեն պետական զբաղվածության կենտրոնները։ Նրանց «առաքելությունը» մեծ է. հաշվառում են իրենց դիմող գործազուրկներին, հորդորում ամեն ամիս ներկայանալ կենտրոն՝ ծանոթանալու «թարմ աշխատատեղերին»: Իսկ այդ տեղեկատվությունը վերցված է հեռուստաեթերի «վազող տողերից», թերթերից, համացանցից, այսինքն` այն ամենը, ինչ առաջարկում են նաեւ մասնավոր գործակալությունները, որոնք իրականում ոչ թե աշխատանք են առաջարկում, այլ` ժամանակդ են «ուտում»: Զանգահարում ես նրանց տրամադրած հեռախոսահամարներով ՝  կամ հեռախոսահամարն է սխալ, կամ էլ պարզվում է զանգիցդ մի քանի վայրկյան առաջ` «աշխատող են ընդունել»: Եթե բախտդ բերեց` հարցազրույցի կհրավիրեն, ու կհամոզեն, որ առաջարկվող աշխատանքին չես համապատասխանում: Կամ էլ ինքդ կհամոզվես, որ տվյալ գործը քեզ համար չէ, մի պարզ պատճառով՝ արժանապատվությունդ դրանից վեր է։ Այս վերջին խնդիրը իբր լուծելու համար «պատասխանատուները» սեմինարներ են կազմակերպվում. գործ փնտրողներին ուզում են կողմնորոշել՝ ինչպես ներկայանալ գործատուին, ինչպես խոսել, ինչպես հագնվել, բայց որ ամենակարեւորն է՝ վերանայել ունեցածը, մշտապես վերապատրաստվել, վերազինվել նոր գիտելիքներով ու հմտություններով։ Մի խոսքով` ներշնչում են՝ գուցե մեղքը քո՞նն է, որ… Զբաղվածության պետական կենտրոնի «սրբազան» պարտականություններից է գրանցված աշխատանք ունեցած գործազուրկին ամիսը 18 հազար դրամ նպաստ նշանակելը։ Այլ բան է, թե այդ չնչին  գումարը ինչ չափով է լուծում անհույս գործազուրկի ֆինանսական խնդիրները։ Իսկ «Հայփոստ»-ի բաժանմունքի առջև  պարտաճանաչ հերթ պահողներն ու նպաստը բաշխող աշխատակցի թթու դեմքն ու կշտամբանքը «վայելողները» միայն մի բան են ցանկանում՝ աշխատել։ Գեղեցկատես ու բարեհամբույր աղջիկների պահանջարկ այլեւս չկա՞։ «Հրավիրում ենք աշխատանքի մինչեւ 25 տարեկան, 175սմ հասակով, բարետես աղջիկների» բովանդակությամբ հայտարարություններն իսպառ չքացել են։ Փոխարենը հայտնվել են բարձրագույն կրթություն, օտար լեզուների գերազանց իմացություն, համակարգչով աշխատելու ունակություն պարտադրողները: Եվ, ըստ դրանց,  բարձր աշխատավարձով աշխատանքը (100-150հազ. դրամ) երաշխավորված է։ Բայց այստեղ էլ ամեն ինչ պարզ ու հեշտ չէ։ Օրինակ՝ «ԳԱՎ Էլեկտրոնիքս» ՍՊԸ-ն, որ Հայաստանում ջեռուցման համակարգեր է ներմուծում, եվրադուռ-լուսամուտ արտադրում ու վաճառոմ` «Շանթ» հեռուստաընկերության վազող տողով առաջարկում էր հեռախոսավարուհու, գործավարուհու, ռեֆերենտի, մենեջերի՝ 100-150 հազարանոց աշխատավարձով գործ։ Գրասենյակային աշխատանք փնտրող շատ երիտասարդների այդ հայտարարությունը տարավ մինչև Թումանյան 8 հասցե։ Դիմողները լրացրեցին 2 էջանոց հայտի օրինակը` մանրամասն նշելով անձնական տվյալները, ինչպես նաեւ, թե ինչ տեղի համար է դիմումը։ Հետո գանձեցին 2000 դրամ՝ հայտը քննարկելու համար եւ հավաստիացրեցին` 5 օրվա ընթացքում կպատասխանեն` էլեկտրոնային փոստով կամ «Հայփոստ»-ի միջոցով։ Հետո պարզվեց, որ  պատասխանը, ուշացումով, հիմնականում դրական է լինում, սակայն բոլորին  առաջարկում են մենեջերի աշխատանք: Վերջինս ենթադրում է բուկլետների տարածում բնակարաններում եւ խորհրդատվություն հաճախորդներին։ Փորձաշրջանն, ընդամենը, 1 ամիս է, որի ընթացքում աշխատողը չի վարձատրվում, ի դեպ, նախնական պայմանավորվածությանը հակառակ: Պարզվում է նաև, որ աշխատանքը գործարքային է, այսինքն` վաճառված ամեն մի ապրանքից  որոշակի տոկոս է հասնում հաջողակ մենեջերին։ Իսկ եթե հակաճառես, թե դա այնքան էլ ռեֆերենտի կամ գործավարի աշխատանք չէ, «կհամոզեն», որ ավելի լավ գործ են առաջարկում եւ հաջողություն կմաղթեն։ Օրական քանի՞ գործազուրկ է ընկնում նրանց ծուղակը։ Քանի՞ այսպիսի կազմակերպություն է օգտվում առիթից… Իսկ պետության ղեկավարները «միալար ծամում են» երիտասարդության դերը բարձրացնելու գաղափարը: Գուցե արդեն «միամտաբար» կո՞ւլ են տվել ու մարսել, իսկ մենք տեղյակ չենք: Լիլիթ Պողոսյան


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն