Դավիթ Բաբայան. «Մենք Ադրբեջանից այլ բան չէինք էլ ակնկալում»
Օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ում դեսպան Յաշար Ալիևի միջոցով բողոքի նոտա էր հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին` Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլարի հատկացում սահմանող կոնգրեսական նախագծի առնչությամբ: Նրանց պնդմամբ` ԱՄՆ կառավարության ցանկացած ծրագիր, որ իրականացվում է Լեռնային Ղարաբաղում եւ «գրավյալ մյուս տարածքներում» առանց Ադրբեջանի իշխանությունների հետ խորհրդակցելու, հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Միացյալ Նահանգների պաշտոնապես հայտարարված դիրքորոշմանը:
Քաղաքագետ Դավիթ Բաբայանը ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիների նման պահվածքն իրեն բացարձակապես չի զարմացրել. «Նման քայլը մեզ համար սպասելի էր և կանխատեսելի: Մենք այլ բան Ադրբեջանից չէինք էլ ակնկալում: Դա իրենց ոճն է և ամեն տարի նման բաներ են անում: Նրանք նույնիսկ «Եվրանյուզ» հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցրեցին Ադրբեջանում, որովհետև այն` Արցախի մասին տեսանյութ է հեռարձակում»:
Քաղաքագետի կարծիքով այդպիսի դեպքերում պետք է Միացյալ Նահանգներն ու այլ ժողովրդավարական երկրները հակադարձեն, քանի որ. «Ադրբեջանցիների նման վարքագիծը ներսից քայքայում է ժողովրդավարությունը»:
ArmAr.am
Թեգեր` «Եվրանյուզ», 8 միլիոն դոլար, Ադրբեջան, ԱՄՆ, ժողովրդավարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Պետդեպարտամենտ












