Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Տեր Հակոբ քահանա Խաչատրյան. «Միությունը նպատակ ունի ստեղծել այն միջավայրը, ուր կձևավորվի լավ հայորդի, լավ քաղաքացի»

Դեկտեմբեր 21, 2009թ. 11:03

ter Hakob«Արարատ» Երիտասարդաց Միությունը հիմնվել է դեռևս 1980-ականների վերջին` այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյանի, այժմ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Միությունն այսօր գրանցված շուրջ ութսուն անդամ ունի:   «Արարատ» Երիտասարդաց Միությունը նպատակ ունի ստեղծել  այն միջավայրը, ուր ներգրավված երիտասարդները կկրթվեն, կծանոթանան հոգևոր արժեքներին և հնարավորություն կունենան ծառայել Աստծուն և Եկեղեցուն, կձևավորվեն որպես լավ հայորդի,  լավ քաղաքացի, լավ հայր, մայր կդառնա»,- ArmAr.am– ի հետ հարցազրույցում ասաց «Արարատ» Երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ապա ներկայացրեց միության գործունեությունը:

«Արարատ» երիտասարդաց միության անդամները հանդիպում են  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Շաբաթական մեկ օր հոգևորականները երիտասարդներին ներկայացնում են աստվածաշնչյան ճշմարտություններ, կազմակերպվում են աստվածաշնչյան ընթերցումներ, դասախոսություններ, քննարկումներ: Իսկ ամենշաբաթյա երկրորդ հանդիպման ընթացքում քննարկում են երիտասարդներին հուզող ամենատարբեր թեմաներ:

Երիտասարդաց միությունը հյուրընկալում է նաև հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների, գիտնականների, գրողների, պատմաբանների, բժիշկների, հոգեբանների, արվեստագետների, լրագրողների, պատգամավորների և նախարարների:

Ինչպես նկատում է Տեր Հակոբ քահանան, «Արարատ» Երիտասարդաց միության քննարկումներին մասնակցելու համար պարտադիր չէ անդամագրվել միությանը, այլ կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ 18.00-ին` այցելելով առաջնորդարան: Յուրաքանչյուր կիրակի` Սուրբ Պատարագից հետո, առաջնորդարանի դահլիճում բոլոր ցանկացողների համար կազմակերպվում են աստվածաշնչյան ընթերցումներ և մեկնություններ:

Հոգևորականների առաջնորդությամբ «Արարատ» Երիտասարդաց միության անդամներն այցելում են մանկատներ և ծերանոցներ` իրենց հետ տանելով սնունդ, հագուստ, խաղալիք և անհրաժեշտ այլ իրեր: Երիտասարդները կարևորում են հոգևոր հաղորդակցությունը ծերերի և մանուկների հետ, քանի որ վերջիններս մարդկանց ուշադրության կարիքն ունեն:

«Արարատ» Երիտասարդաց միության մանկավարժները, իրավաբաններն ու հոգեբանները երեխաներին բացատրում են նրանց իրավունքները, պարտականությունները, երեխաների տեղն ու դերը հասարակության մեջ: Երիտասարդաց միությունը երիտասարդական այլ կառույցների հետ կազմակերպում է բազմաթիվ հանդիպումներ, միջոցառումներ, ուխտագնացություններ: Երիտասարդաց միությանը կից գործում է «Արարատ» երգչախումբը, որի նպատակը հոգևոր երաշժտության ներկայացումն է:

Իր գոյության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում միությունն ունեցել է բազմաթիվ սաներ, ովքեր դաստիրակվել են աստվածաշնչյան ճշմարտություններով, իսկ նրանց մի մասն նախընտրել է  դառնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավոր:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն