Կմշակվի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարություն
Հայաստանի սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման, ենթակառուցվածքների առկա վիճակի եւ դրանց արդիականացման ու վերազինման վերաբերյալ առաջարկությունների մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբը դեկտեմբերի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նիստում հավանության է արժանացել Հայաստանի պետական սահմանների կարիքների գնահատման փաստաթուղթը, տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:
Կարեւորելով սահմանային անվտանգության ապահովման եւ ենթակառուցվածքների արդիականացման խնդիրները` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի սահմանային ենթակառուցվածքները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: 2010 թվականից կմեկնարկի «Ինտեգրված սահմանների կառավարում» ծրագիրը, որը կիրականացվի Եվրամիության ֆինանսավորմամբ: Հայաստան-Վրաստան սահմանային երկու անցակետերը արդիականացնելու համար Հայաստանին կհատկացվի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:
Աշխատանքային խումբը մինչեւ 2010 թվականի մայիսը կմշակի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը:
ArmAr.am












