Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

«Կյանքի խոսքն» ու իրականությունը

Սեպտեմբեր 3, 2009թ. 12:32

Մի քանի ամիս առաջ Երևանում միջոցառումներից մեկի ժամանակ մի երիտասարդ աղջիկ, ով զբաղվում էր անդամալույծների խնդիրներով, մոտեցավ ինձ եւ զանազան հարցեր տվեց հոգևոր թեմաներից` Սուրբ Գիրք, պաշտամունք, արարողություններ, Եկեղեցու պատմություն: Հարցերը, որ տարօրինակ շեշտադրությամբ էին տրվում, կասկած առաջացրեցին ինձ մոտ, եւ ինքս հարց ուղղեցի նրան` պարզելու, թե ո՞ր Եկեղեցուց է նա: Պատասխանը հետաքրքրական էր` Առաքելական Եկեղեցուց: Սակայն հազիվ թե Հայ Եկեղեցու զավակը այդքան արհամարական արտահայտվեր ու մերժողական դիրքերից խոսեր Հայ Եկեղեցու մասին : Խոսակցության ընթացքում պարզվեց, որ իրականում աղջիկը «Կյանքի խոսք» կոչվող հաստատությունից է: Ինչպես ասացի, միջադեպը տեղի էր ունեցել ամիսներ առաջ, այդ մասին նույնիսկ մոռացել էի, առավել ևս դրան հրապարակավ անդրադառնալու որևէ ցանկություն չունեի, բայց պարզվեց, այնուհանդերձ, նման անհաժեշտություն կա: Վերջերս հանդիպեցի ծանոթներիցս մեկին, ում երկար ժամանակ չէի տեսել, զրուցեցինք ու ինձ այսպիսի մի հարց ուղղեց. «Ի՞նչ տարբերություն կա Առաքելական եւ Ավետարանական Եկեղեցիների միջև»: Պարզվեց, իր գործընկերներից մեկը իրեն հրավիրել էր «ինչ-որ տեղ» գնալ – մասնակցել «Սուրբ Գրքի ընթերցողությանը» և Արթուր Սիմոնյանի քարոզներին… «Կյանքի խոսք» կառույցի կայքէջում տեղադրված հաղորդագրությունից տեղեկացանք, որ միայն Երևանում նրանց անդամակցողների թիվը հասնում է 8. 5 հազարի: Ասում են, որ նրանց մեջ կան նաև մտավորականներ և երգիչներ: Բանն այն է, որ մեր հասարակությունն առավել ծանոթ է իրենց համառությամբ բոլորին գերազանցող և տնետուն շրջող «քարոզիչներին»` այսպես կոչված «Եհովայի վկաններին»: Ծանոթանալով «Կյանքի խոսք» կոչվող կառույցի գործունեությանը` ակամա սկսում ես մտածել, որ «Եհովայի վկաները» չարյաց փոքրագույնն են: Եթե ժողովուրդն արդեն ծանոթ է վերջիններիս և հստակ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ, դրանով իսկ կարող է պաշտպանվել նրանց քարոզչական արշավներից, ապա հիշատակված «Կյանքի խոսքի» մասին հասարակությունը ոչինչ, կամ գրեթե ոչինչ չգիտի: Կիրառելով քարոզչության արհեստավարժ միջոցներ, շահարկելով սոցիալական խնդիրները` նրանք օրեցօր աճում ու բազմամարդ են դառնում: «Կյանքի խոսքը» գոյավորվել է հոգեգալստական շարժման երրորդ հավատքի շարժում- հոսանքից: Իրականության մեջ այն հարանվանություն էլ չէ: Սխալ է նույնիսկ նրան կրոնական կազմակերպություն կոչելը: Այն հաստատվել է որպես հիմնադրամ Շվեդիայի Ուպսալա քաղաքում 1983 թվականին շվեդ հոգեգալստական Ուլֆ Էքմանի կողմից, որն էլ ղեկավարել է նրանց միսիան նախկին Խորհրդային Միության երկրներում: Այս կառույցը Հայաստանում ունի իր հեռուստածրագրերն ու «աստվածաշնչային» դպրոցները: Կազմակերպում են ամառային ճամբարներ, կառուցում են նոր շենքեր, ունեն հրատարակչություն: Կայքէջում տեղադրել են իրենց սոցիալական ուսմունքը: «Կյանքի խոսք»-ն ունի հանրակրթական դպրոց, որի նպատակներից է իբր թե աճող սերնդի ինքնուրույն և հայրենասիրական դաստիարակությունը: Սակայն խիստ կասկածելի է մի կառույցի մատուցած հայրենասիրական կրթությունը, որի գործունեությունն ու իրական նպատակները հայտնի չեն նույնիսկ իր իսկ անդամներին: Կասկածելի է նաև նրանց առաջնորդների եւ հովիվների նպատակը` հնարավորինս շատ մարդկանց անդամագրելու: Արթուր Սիմոնյանը բացի Հայաստանում «Կյանքի խոսքի» առաջնորդը լինելուց կարևոր անձ է այս կառույցի միջազգային ճյուղերում: Հավանաբար նա լավ գիտե եկեղեցիների էկումենիկ համագործակցության եւ հոգեորսությունն արգելող էկումենիկ օրենքների մասին: Տեղյակ կլինի նաեւ, որ շատ հոգեգալստականներ էլ կան, որոնք ոչ թե քարոզում են քրիստոնյաներին, այլ վկայում են Քրիստոսին այլ կրոնների առջեւ: Նա թիրախ է ընտրել 1700 ամյա քրիստոնեական պատմություն ունեցող մի ժողովրդի, որն իր արյամբ է պահել իր հավատքն ու Եկեղեցին: Սակայն հարց է, թե ինչ նպատակ է հետապնդում նա, երբ սփյուռքում եւ Հայաստանում հայ ժողովրդի զավակների մեջ սերմանում է բաժանումի որոմներ: Երբ իրականությունն ես ասում իրենց մասին, դժգոհում են, թե ինչու են իրենց աղանդ կոչում և մեկնաբանում են, թե իրենց քննադատում են բարեգործություն անելու համար (տես «Կյանքի խոսք» ամսագրի վերջին համարում Արթուր Սիմոնյանի հարցազրույցը Հայաստանի հոգեգալստական հովիվների հետ): Խիստ զարմանալի կթվար, եթե որևէ մեկին քննադատեին բարեգործություն անելու համար կամ հանիրավի մեղադրեին, եթե նրանց նպատակներն ազնիվ են և մղված են բարի կամքից: Սակայն ինչպես աղանդ չկոչել մի կառույցի քարոզչություն, որն օրինահարգ է ձևանում, բայց հմտորեն շրջանցում է պետության եւ եկեղեցու` հոգեորսությունն արգելող օրենքները, էկումենիկ է ձևանում եւ օգտագործում է Հայ Եկեղեցու պատմությունն ու խորհրդանիշները, առանց վարանելու իր հետևորդների մեջ մերժողականություն է սերմանում այդ եկեղեցու եւ նրա սպասավորների նկատմամբ: Արթուր Սիմոնյանը մի ֆիլմ է նկարահանել Հայաստանում քրիստոնեության ընդունման եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների մասին: Նկարահանումները կատարել է Խոր Վիրապի, Սուրբ Գայանեի եւ Սուրբ Հռիփսիմեի վանքերում եւ չի անդրադարձել Սուրբ Գրիգորի ջանքերով հաղթանակած Հայ Եկեղեցուն ու նրա սպասավորներին, իսկ ֆիլմն ավարտել է` ասելով, թե այժմ Ավետարանը քարոզելու ջահն իրենց է փոխանցված: Սա ամենապարզ եւ ամենացայտուն ապացույցն է , թե ինչպես են նրանք մարդկանց շփոթեցնում, ներգրավում իրենց շարքերում և «դաստիարակում»: Լիահույս եմ, որ մարդիկ արթուն կլինեն եւ հազիվ գտնվի մեկը, ով հավատա, թե մեր հավատքի հայրը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը , իր ջահը փոխանցել է մեկին, ով բաժանում է իր զավակներին պողոսյանների եւ ապողոսյանների` սիմոնյանների միջեւ: Եթե այդ ջահն իրեն շվեդ հոգեգալստական Ուլֆ Էքմանն է տվել, այն որևէ առնչություն չունի հայ ժողովրդի հետ: Նրան կհորդորեինք գնալ եւ քարոզել Շվեդիայում, մանավանդ որ 9 միլիոնանոց Շվեդիայում նրանց թիվը երեք հազար է, իսկ փոքրիկ Հայաստանում` 15 հազար:

Հովակիմ վարդապետ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`