ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կարծիքները չեն համընկնում
Այսօր լրագրողների հետ հանդիպել ու անցնող տարին են անփոփել ՀՅԴ բյուրոյի անդամ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Մանվել Բադեյանը:
Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, դրական միտումները շատ չեն, իսկ պատճառները և օբյեկտիվ են, և` սուբյեկտիվ:
Գնահատելով կառավարության անցնող տարվա գործունեությանը, նա մասնավորապես, նկատել է, որ կառավարության գործունեությունը համարժեք չէ այն տնտեսական մարտահրավերներին, որ մեր երկրի առջև կանգնել են, ընդհանրապես, և հատկապես, տնտեսական ճգնաժամի հետեւանքով: «Հետեւանքները բնականաբար լավը չեն, ինչը եւ արտացոլվեց վերջերս ընդունված բյուջեի մեջ»,- ասել է դաշնակցական գործիչը:
Մինչդեռ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն ամենևին էլ չկիսելով ընդդիմադիր պատգամավորի կարծիքը, որպես տնտեսագետ համոզմունք է հայտնեց, թե չկա մեկը, որը կարողանա հստակ գնահատել` որ քայլերն ստեղծված իրավիճակի համար համարժեք, և որոնք` ոչ:
«Շախմատում գոյություն ունի ցուփցվանգ հասկացողություն, որտեղ ցանկացած քայլ բարելավման չի բերում: Բացի այդ` կառավարությունը մի սուբյեկտ է, որին անընդհատ կարելի է քննադատել ցանկացած հարցով եւ միշտ` ճիշտ: Մենք պետք է հասկանանք, որ սահմանափակ ռեսուրսի պայմաններում միշտ կարելի է գտնել այնպիսի բացեր, որոնք որեւէ մեկի կարծիքով ավելի նպատակահարմար կլիներ օգտագործել այդ ուղղությամբ»,- ասել է Մանվել Բադեյանը։
Հակադիր էին կարծիքները նաև հայ- թուրքական գործընթացների շուրջ: Հանրապետական պատգամավորի համոզմամբ՝ չկա մի քաղաքական ուժ կամ քաղաքացի, որը կարծի, թե հայ- թուրքական հարաբերությունները երբեւէ չպետք է կարգավորվեն: Եթե չկան նման կարծիքներ, ուրեմն հարց է. «Իմ խորին համոզմամբ` ժամանակը խաղում է մեր դեմ, ոչ մեր օգտին եւ ինչքան շուտ ձեւավորվի մոդելը հայ- թուրքական հարաբերությունների, այնքան ձեռնտու է ՀՀ-ի համար»:
Մինչդեռ, ըստ Վահան Հովհաննիսյանի.«Հայ- թուրքական հարաբերությունների մեջ, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները թույլ տվեցին աններելի, անթույլատրելի սխալ` փաստորեն դառնալով Թուրքիայի կողմից առաջարկված մոդելի պատանդը»:
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ, արձանագրությունների հետ կապված որևէ վտանգ չկա: Նա կարծում է, որ խնդիրն այլ տեղում է եւ կարեւորը գոյություն ունեցող մարտահրավերները դիմակայելու համար համախմբվածությունն է, իսկ որ արձանագրությունները խթանում կամ նպաստում են մեր ներուժի կոնսոլիդացմանը` հանրապետական պատգամավորը չի կասկածում:
Բայց դրաով հանդերձ չթաքցրեց իր մտավախությունը, թե. «Որ նախապայմաններ` հաջորդ տարի կլինեն, մտավախությունն առկա է»:
Հանրապետական պատգամավորը շեշտեց նաեւ, որ երկրի հզորացումը բոլորի խնդիրն է, միայն իշխանության խնդիրը չէ, ինչին մաս է կազմել նաեւ Դաշնակցությունը:
«Այո, եղել ենք իշխանություն, նրանով հանդերձ, որ չենք արել կարելին` Հայաստանը հզոր դարձնելու համար, այնուամենայնիվ, պատասխանատվության չափաբաժինը բավական տարբեր է՚,- հակադարձեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանը: Վերջինս նաեւ արձագանքեց կուսակցության հասցեին հնչած այն մեղադրանքներին, թե դաշնակցությունն անկեղծ չէ։
ArmAr.am












