Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

Վահան Հովհաննիսյան. «Մադրիդյան սկզբունքները վերից վար անընդունելի են»

Դեկտեմբեր 22, 2009թ. 11:21

Vahan HovhannisyanՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, մասնավորապես, անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին` դրանք համարելով անընդունելի հայկական կողմերի համար: «Խոսակցությունները պտտվում են Մադրիդյան սկզբունքների շուրջ, նորացվա~ծ- չնորացվա~ծ, ինչ-որ փոքր խմբագրումներով. այս ամենն անընդունելի է, քանի որ Մադրիդյան սկզբունքները վերից վար անընդունելի են, որքան էլ փորձես  խմբագրել դրանք: Իսկ պատճառը շատ պարզ է. Մադրիդյան սկզբունքները գործում են ղարաբաղյան հակամարտության հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացման դեմ: Այդ սկզբունքների կիրառումը ոչ մի պատճառ չի լուծում, լուծում է միայն հետևանքները: Այսինքն այն, ինչ մշտապես պահանջում է Ադրբեջանը. խոսքը տարածքների վերադարձման, փախստականների հետդարձի մասին է: Բայց չէ՞ որ այս ամենը միայն հետևանքներ են, իսկ հակամարտության  բուն պատճառը Ղարաբաղի կարգավիճակի չլուծված լինելն է: Այդ կարգավիճակի հաստատման` ԼՂՀ արդար պահանջի դիմաց Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սանձազերծեց: Մինչդեռ  Մադրիդյան սկզբունքները շրջանցում են այդ պատճառները: Խոսք է գնում ժամանակավոր հետաձգված կարգավիճակի մասին,  ի՞նչ է դա, ես չեմ հասկանում: Հարց է առաջանում` ժամանակավոր կամ միջանկյալ կարգավիճակ` ո՞ւմ կազմում, Ադրբեջանի՞: Այդպես է ստացվում: Բայց չէ՞ որ Ղարաբաղի պայքարը Ադրբեջանի կազմում չլինելն է: Իսկ եթե չի ճանաչվում ԼՂՀ անկախ կարգավիճակը, ապա այդ ժամանակավոր կամ միջանկյալ կարգավիճակը ենթադրում է ԼՂՀ-ն թողնել  Ադրբեջանի կազմում: Այս վտանգը չտեսնելը կուրություն է»:

Բայց   ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարում են, որ ԼՂՀ-ն չի’ կարող ավելի ցածր կարգավիճակ ունանալ, քան ունի այսօր: Վահան Հովհաննիսյանը նկատեց.«Դա լավ է, որ այդպես են հայտարարում, բայց պետք է, որ այդ կարգավիճակը ֆիքսված լինի թղթի վրա, պետք է հստակ նշված լինի` ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չէ’»:

Խոսելով Մինսկի խմբի համանախագահների լավատեսական հայտարարություններից, որոնցում գրեթե ամեն անգամ նույն միտքն է արտահայտվում, թե  արդեն մոտ է հակամարտության կարգավորումը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ինչ վերաբերում է ժպտերես միջնորդների մշտական օպտիմիզմին, մի քանի սերունդ է փոխվել, դուք երբևէ նրանց դեմքին մտահոգություն տեսե՞լ եք, նրանք միշտ ժպտերես են, ուրախ և մշտապես հայտարարում են, որ շատ մոտ են  հարցի հանգուցալուծմանը: Ամբողջ խնդիրն էլ այն է, որ նրանց նպատակն ընդամենը հանգուցալուծումն է, բայց ոչ  հանգուցալուծման բովանդակությունը, դա նրանց չի հետաքրքրում: Միջնորդները շատ բարձր աշխատավարձ են ստանում` աշխատելով խնդրի հանգուցալուծման ուղղությամբ: Իսկ թե հանգուցալուծում ասվածն իրենից ի՞նչ է ենթադրում, սա նրանց խնդիրը չէ: Նրանք լսում են այս կողմին, հետո այն կողմին, բայց, ի վերջո, հետապնդում են բոլորվին ուրիշ նպատակներ… Երբ միջնորդներն ուրախ դեմքով հայտարարում են, թե շատ մոտ է լուծումը, կարելի է ուրախանալ միայն այն բանից հետո, եթե հասկանալի դառնա, թե այդ լուծումն ի՞նչ է իրենից ներկայացնում»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն