2010 և 2012 թվականներին ավելի շատ դիմորդ կընդունվի
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011թ. ՀՀ հանրակրթական դպրոցները շրջանավարտ չեն ունենալու` 2010թ. բուհերի ընդունելությունն ընդլայնված կլինի։ Այսինքն՝ նախորդ տարիների համեմատությամբ ավելի շատ դիմորդ կընդունվի։
Այս միտումը կշարունակվի նաև 2012թ.։ «2012թ. կունենանք շրջանավարտների ավելի մեծ թիվ և, բնական է, որ պետք է ունենանք ավելի լայն ընդունելություն։ Իհարկե, հաշվի կառնվեն նաև ժողովրդագրական ցուցանիշները»,- ընդգծեց ՀՀ կրթության և գիտության նախարարը Ա. Աշոտյանը։
2011թ., բնականաբար, դիմորդների թիվը շատ քիչ կլինի, ուստի այդ տարի շատ փոքր ընդունելություն է նախատեսվում։
Իսկ ընդհանուր առմամբ՝ ամեն դեպքում Հայաստանում բուհական ընդունելության քննությունները միշտ էլ լարված մթնոլորտում են անցնում։ Նախարարի կարծիքով, այդ իրավիճակը դեռևս կպահպանվի, քանի որ ընդունելության համակարգի բարեփոխման ճանապարհին դեռևս անցնելու որոշակի հատված կա, իսկ այդ ճանապարհին, ամենակարևորը, ժողովրդի կողմից վստահություն ձեռք բերելն է։
Arm.Ar.am












