«Կրթաթոշակների հետ կապված բարեփոխումները՝ ընդամենը մտադրություն է»
Վերջերս ուսանողներին մտահոգող խնդիրներից մեկն այն էր, որ 2014թ.-ից գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներն այլևս կրթաթոշակ չեն ստանա։ Սրա հետ կապված՝ ուսանողներն անգամ բողոքի երթ կազմակերպեցին։
Պարզաբանելով իրավիճակը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ կրթաթոշակների հետ կապված բարեփոխումներն ընդամենը մտադրություն են. «Այդ մտադրությունը բխում է այն հանգամանքից, որ մենք կրթության մատչելիության և կրթության հավասար հնարավորությունների խնդիր ունենք ։ Ուսանողների մի հատվածին պետությունը փոխհատուցում է ուսման վարձը, նաև մի չնչին գումար կրթաթոշակ է հատկացնում։ Բազում ուսանողների համար դա կարևոր գումար է։ Բայց, երբ պետությունը մի ուսանողի տալիս է երկուսը` և պետպատվերով սովորելու իրավունք, և’ կրթաթոշակ, իսկ մյուսը` տարկետում է վերցնում, որովհետև չի կարողանում մուծել ուսման վարձը, և պարզ չէ, թե նա հետագայում կկարողանա՞ շարունակել ընդհատված կրթությունը, թե՞ ոչ. սա արդեն մտահոգվելու առիթ է տալիս»,- ասաց ԿԳ նախարարը։
Նախարարն ընդգծեց, որ ինքն առայժմ չի կարող ասել, թե մինչև 2014թ. ինչպես կլուծվի վերոնշյալ խնդիրը։ Տարբերակներից մեկը` ուսանողական վարկային համակարգի ներդրումն է, որը կարող է նաև իրականացվել կրթաթոշակային ֆոնդեր հաշվին: «2010թ. ուսանողները շարունակելու են ստանալ կրթաթոշակ։ 2011թ. փոքր բուհերում ներմուծելու ենք փորձնական համակարգ։ Կստացվի՞, կաշխատի՞ այդ համակարգը, 2012-2013թթ. կփորձենք այն տարածել մյուս բուհերի վրա, չի՞ ստացվի, հետ կկանգնենք այդ քայլից։ Բայց ընդունեք, որ իներցիայով ֆինանսավորվող այս համակարգն իրեն սպառել է։ Կան բազում խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Դրանցից մեկը ֆինանսավորման մեխանիզմների վերանայումն է»,- ընդգծեց նախարարը։
ArmAr.am












