Թմրամիջոցների շրջանառության ծավալները մեծ չեն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանում թմրամիջոցների շրջանառության ծավալները մեծ չեն. «Համեմատած այլ երկրների հետ, որտեղ թմրամիջոցների շրջանառության մասին խոսելիս տոննաներ են արձանագրում, ապա այստեղ ծավալները շատ փոքր են: Եթե Հայաստանը համեմատենք Թուրքիայի, Պակիստանի, Հարավային Ամերիկայի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ խնդիրը մեծ չէ», – տեղեկացրեց բաժնի ղեկավար Ջոն Մահերը:
Ուստի տարեկան 3մլն դոլար բյուջե ունեցող ծրագիրը միտված է Հայաստանում արդարաադատության համակարգի գործունեության հզորացմանը, հանցավորության, թրաֆիքինգի, փողերի լվացման դեմ պայքարին:
Գրասենյակը ֆինանսավորում է «Հույս և օգնություն» հկ-ն, որը թրաֆիքինգից տուժածներին ապահովում է կացարանով, «թեժ գծի» միջոցով օգնություն ցուցաբերում դիմողներին:
Ջ,Մահերը մեր երկրում կատարած աշխատանքի դրական արդյունք է` համարում այն, որ թրաֆիքինգի հարցերով մեր դատարաններում քննության առնվող գործերի թիվը զգալիորեն աճել է: Պետքարտուղարության կողմից ամեն տարի կատարվող ուսումնասիրություները ցույց են տվել, որ դասակարգման սանդղակում թրաֆիքինգից տուժող երկրների ցանկում անցած տարի Հայաստանը իր ցուցանիշը բարելավել է: Վերջերս նաև լուրջ տեղաշարժ է նկատվել փողերի լվացման բացահայտումների ասպարեզում: Այստեղ կազմակերպությունը համագործակցում է Կենտրոնական բանկի և իրավապահ կառույցների հետ:












