Ադրբեջանցի քաղաքագետ. «Բաքուն պետք է որոշակի քայլեր տեսնի Երևանի կողմից»
«Թուրքիան 20 տարի ապրել է Հայաստանի հետ փակ սահմաններով, կապրի եւս այդքան»,- ըստ ադրբեջանական 1news.az-ի` հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
Նրա կարծիքով` Անկարան նաեւ չի փորձի առաջ գցել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, որովհետեւ Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային պետք է ԵՄ-ին անդամակցելու համար, իսկ բանակցություններն այդ կառույցի հետ հիմա արգելակված են:
«Ընդհակառակը, Անկարան կցանկանա դեռ երկար փակ պահել սահմանը, որպեսզի կրկին օգտագործի այդ գործոնը ԵՄ-ի հետ բանակցություններում եւ հետաձգի հարցի լուծումը մինչեւ լավ ժամանակները: Հիմա ամեն բան կախված է Հայաստանից: Նրա տնտեսությունը շատ ցավալի վիճակում է, եւ եթե նա ցանկանում է դուրս գալ այդ վիճակից, ապա պետք է մի շարք գործուն քայլեր ձեռնարկի ԼՂ հիմնախնդրում»,- ասել է Ալիզադեն ու հավելել. «Հնարավոր է` այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Բաքուն համոզի Անկարային բացել Հայաստանի հետ սահմանը: Դրա համար Բաքուն պետք է որոշակի քայլեր տեսնի Երեւանի կողմից»:
ArmAr.am












