Տարիների վաստակի գնահատում
Գիտության և կրթության ոլորտում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նախարարության բարձրագույն` «Ոսկե հուշամեդալով» պարգևատրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բիոքիմիայի ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենասաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Անուշավանի Գալոյանին:
Հանձնելով բարձրագույն պարգևը` նախարարը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է հուշամեդալ հանձնել միջազգային հեղինակություն վայելող, մասնագիտական և գիտական շրջանակներում հարգված և Հայաստանի վարկանիշը որպես գիտության օջախ բարձր պահող նման հռչակավոր գիտնականին: Ակադեմիկոսի 80-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը բիոքիմիայի զարգացման համար կարևոր իրադարձություն էր թե Հայաստանում, թե տարածաշրջանում»:
Ակադեմիկոսը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար, նշեց. «Իմ գիտական գործունեության ընթացքում ես շատ պարգևների եմ արժանացել, բայց սա առանձնահատուկ է. ինձ համար խիստ արժեքավոր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող է հարազատ երկրի գնահատականը: Իմ գիտական գործունեության կարևոր արդյունքը ես համարում եմ բազում երիտասարդ կադրերի ներգրավվածությունը գիտության մեջ»:
Գիտության և կրթության ոլորտում ներդրած ավանդի համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», այսօր պարգևատրվեց նաև Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Կառլենի Միրզախանյանը:
«Այս պարգևը Ձեր կատարած մեծ աշխատանքի մեր համեստ գնահատականն է: Պարոն Միրզախանյանը մեր քաղաքական, հասարակական, ինտելեկտուալ խավի այն կարկառուն ներկայացուցիչներից է, ով 90-ականներից առ այսօր մեր պետության զարգացման մեջ իր ներդրումն ունի, մարդ ով իր քաղաքական և հասարակական գործունեությունը մեկտեղել է մի շատ շնորհակալ գործով` մանկավարժական աշխատանքով»,-հանձնելով պարգևը` նշեց նախարարը և հավելեց, որ նաև կուլտուրայի ֆակուլտետի և անձամբ Ռ. Միրզախանյանի ջանքերի շնորհիվ է մանկավարժական համալսարանը դասվում Հայաստանի մշակութային բուհերի շարքին: «Ստանալով այս մեծ պարգևը` ես իմաստային առումով այն վերագրում եմ նաև ընտանիքիս, քանզի իմ ամբողջ ընտանիքը կապված է բարձրագույն դպրոցի հետ: Կրթական համակարգի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է»,-շնորհակալություն հայտնելով պարգևի համար` նշեց պարոն Միրզախանյանը:
ArmAr.am












