Թուրքիան Եվրոպայից բավական հեռացավ
Սերբիայի, Մակեդոնիայի եւ Չեռնոգորիայի քաղաքացիներն այլևս կարող են առանց վիզաների մեկնել Եվրոմիության երկրներ: Այս որոշումն անցած շաբաթ կայացրել է Եվրոմիությունը: Հիշյալ որոշման համաձայն, փաստորեն, Բալկանյան վերոհիշյալ երկրների քաղաքացիներն արդեն կարող են իրենց անձնագրերով անարգել այցելել Եվրոմիության տարբեր երկրներ` բացի Մեծ Բրիտանիայից ու Իռլանդիայից:
Հետաքրքին այն է, որ սույն որոշման կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, անմիջապես հայտնել է իր դժգոհությունը, թե ինչո՞ւ Եվրոմիությունը նույն քայլը չի անում նաեւ թուրք քաղաքացիների համար. «Դա անչափ անարդար է, որ Բալկանյան երկրների քաղաքացիներին թույլատրվել է այցելել Շենգենյան համաձայնագրի երկրներ առանց մուտքի վիզաների: Փաստ է, որ նրանցից ոչ մեկը առաջ չէ Թուրքիայից` Եվրոմիության ճանապարհին»,- նկատել է Դավութօղլուն:
Մինչ թուրքական իշխանությունները շարունակում են հայտնել իրենց դժգոհությունը` Եվրոմիությանը անդամակցելու գործընթացի ձգձգումից, որը սկսվել է դեռ 2005-ին, եվրոպական փորձագետներն արձանագրում են, որ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունն արգելելուց հետո Թուրքիան հեռացավ Եվրոպայից:
Նույն փորձագետները նաև նկատում են, որ Սերբիան ավելի շուտ կանդամագրվի Եվրոմիությանը: Շաբաթ օրը բալկանյան այդ երկրի նախագահ Բորիս Տադիչը եւ երկրի վարչապետ Միրկո Ցվետկովիչը անդամակցելու պաշտոնական հայտ են ուղարկել Եվրոմիությանը: Իսկ այդ կառույցում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդը հաստատել է Սերբիայի հայտի առկայությունն ու նշել, որ Սերբիան կատարել է լուրջ պատմական քայլ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գերմանական «Բիլդ» պարբերականի փոխանցմամբ, այսօր սերբական հայտը պաշտոնապես փոխանցվեց Շվեդիայի վարչապետին` հաստատվելու համար:
ArmAr.am












