Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Արձանագրվել են նոտարական խախտումներ

Դեկտեմբեր 23, 2009թ. 10:00

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել է թվով 10 նոտարների կողմից իրականացված նոտարական գործողությունների համապատասխանությունը մեր երկրի օրենսդրության պահանջներին։ Ուսումնասիրությամբ բացահայտվել են բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ։

Մասնավորապես, պարզվել է, որ նոտարները անշարժ գույքի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ գրավի գործարքներ վավերացնելիս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ ձեւով չեն պարզել գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքները, գործարք կնքող անձանց ընտանեկան դրությունը։ Դրա հետևանքով խախտվել են համասեփականատերերի, այդ թվում՝ ամուսինների գույքային իրավունքները, ինչն էլ շատ դեպքերում հանգեցրել է դատական վեճերի։

Ավելին, ինչպես պարզվել է, նոտարական գործողություններ կատարելիս հիմք են ընդունվել օրենսդրության խախտումներով տրված լիազորագրեր կամ ներկայացուցիչը կնքել է այնպիսի գործարք, որի համար լիազորված չի եղել։ Որոշ դեպքերում հստակ նշված չէ գործողությունը կամ գույքը, որի նկատմամբ ներկայացուցիչը լիազորված է գործարք իրականացնել։ Գործարքներ են կնքվել դադարած լիազորագրերով կամ գործին կցված են եղել գործարքի կնքումից հետո տրված լիազորագրեր։ Ներկայացուցիչը գործել է իրավաբանական անձի տնօրենի կողմից տրված լիազորագրով, որը կնքված կամ ստորագրված չէ։

Պարզվել է նաեւ, որ ֆիզիկական անձը տվել է լիազորագիր իր սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գործարք կնքելու համար, սակայն դրանով գործարք է կնքվել իրավաբանական անձի գույքի վերաբերյալ։ Ներկայացուցչին տրվել է որոշակի հասցեում գտնվող գույքի օտարման լիազորություն, սակայն վերջինս նոտարի շնորհիվ օտարել է նաեւ լիազորողին պատկանող այլ հասցեում գտնվող գույքը։ Արձանագրվել է դեպք, երբ գործարքի կնքման համար հիմք ընդունված լիազորագիրը չի ունեցել ամսաթիվ, կամ նշված է եղել միայն տրման տարին եւ ամիսը, այսինքն՝ նոտարի կողմից, ըստ էության, հիմք է ընդունվել կնքման պահին առ ոչինչ լիազորագիր։

Արմեն Սարգսյան


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն