Ադրբեջանում սարսափում են հայ-ռուսական համագործակցությունից
2008թ. ռուս-վրացական պատերազմը էապես փոխեց քաղաքական իրադրությունը կովկասյան տարածաշրջանում: Ակնհայտ դարձավ, որ ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված սկզբունքները ուժային ճանապարհով լուծելու բոլոր փորձերը դատապարտվում են և ստանում համարժեք ուժային հակադարձ:
Օգոստոսյան պատերազմից դասեր քաղեցին նաև Ադրբեջանում. ճիշտ է, Ադրբեջանը չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու ցանկությունից, սակայն քաջ գիտակցում է, որ այդպիսի փորձերը կարող են ողբերգական հետևանքներ ունենալ հենց իրենց երկրի համար: Սակայն տասնամյակների ընթացքում ձևավորված հոխորտալու և սեփական բնակչությանը խաբելու քաղաքականությունը շարունակում է իր ազդեցությունն ունենալ ադրբեջանական ագիտպրոպի վրա:
Ակնհայտ է, որ ադրբեջանական հասարակությունում լուրջ խմորումներ են տեղի ունենում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների հետ: Տնտեսական ծանր վիճակը, նավթային եկամուտների անկումը, բյուջեի շուրջ 15 տոկոս դեֆիցիտը, և, ամենակարևորը՝ բանակում տիրող ծանր բարոյական մթնոլորտը, զինծառայությունից խուսափելու հիմնավոր պատճառներ են դառնում: Ադրբեջանցի երիտասարդներն իրենց կյանքը պատկերացնում են առանց բանակային ծառայության, և քանի որ ֆինանսական հնարավորություն ունենալու դեպքում դա հեշտ լուծվող հարց է, ոչինչ չեն խնայում կաշառքով բանակից ազատվելու համար: Երբ ընթերցում ենք ադրբեջանական բլոգերը և քիչ թե շատ անկախ լրատվամիջոցների վերլուծությունները, տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն անտեղյակ է իր քաղաքացիների տրամադրություններից:
Հոգեբանական այս բացասական դրսևորումներին գումարվում են նաև Ադրբեջանի բանակում տիրող տարօրինակ բարքերը, որոնց մասին անթաքույց գրում են բոլոր լրատվամիջոցները: Զարմանալին այն է, որ բոլոր նորմալ երկրներում անընդունելի մի շարք երևույթներ, օրինակ՝ մարտական ծառայության ժամանակ վիրավորված զինվորին դատելը, սեռական բռնությունները նորակոչիկների նկատմամբ, հակասանիտարական վիճակը զորամասերում և այլն, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչները համարում են նորմալ: Եվ շարունակում են ամպագոռգոռ հայտարարություններ անել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպ պատերազմ սանձազերծելու մասին:
Բարոյահոգեբանական ծանր վիճակն Ադրբեջանում էլ ավելի սրվեց ՀՀ պաշտպանության նախարարի օրերս արած հայտարարությունից հետո: News.am կայքի լրագրողի հարցին, թե կօգնի՞ արդյոք Հայաստանին ՀԱՊԿ-ը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, Սեյրան Օհանյանը պատասխանել էր. «Եթե Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, ՀԱՊԿ-ը, պայմանագրի համաձայն, պարտավոր է օգնել մեզ»: Չնայած հայտարարությունից անցել է շուրջ մեկ շաբաթ, սակայն Ադրբեջանի պետական տարբեր տրամաչափի պաշտոնյաները փրփուրը բերանին մեկնաբանում և հերքում են այս տեղեկությունը: Դեհ, ի՞նչ արած, ինչպես ասում են՝ վախի աչքերը մեծ են:
Անկախ այս ամենից, հարկ է, որ Ադրբեջանի ղեկավարությանը դադարեցնի տեղեկատվական հիստերիան, և լրջորեն նախապատրաստի իր հասարակությանը Ղարաբաղի խնդրի լուծման խաղաղ և փոխզիջումային տարբերակին:












