Թուրքիան պետք է բաժանվի 20-25 ինքնավար շրջանների
Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) կուսակցության պատգամավոր Օսման Օզչելիքն առաջարկել է Թուրքիայում ստեղծել 20-25 ինքնավար շրջաններ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haber1» լրատվական կայքը:
Օզչելիքը նշել է, որ իրենց ժողովրդավարական ինքնավարության նախագծի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հզորացվեն: Առաջարկվում է ստեղծել 20-25 ինքնավար շրջաններ, որոնք կունենան մեկ կենտրոն: Այդ շրջանների էթնիկական ու կրոնական հանրույթներն էլ պետք է օգտվեն ժողովրդավարական ազատություններից: Ընդ որում, թուրքերենից բացի, այլ լեզուներին ևս նշանակություն է տրվելու:
Թուրք խորհրդարանականն անհրաժեշտ է համարել այն, որ Թուրքիան օր առաջ ազատվի ներկայիս սահմանադրությունից:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման մտադրություն ուներ, սակայն բոլոր իրենց նախաձեռնություններում շեղվեցին այդ ուղուց:
Նկատենք, որ Թուրքիայի սահմանադրությունից դժգոհ է նաև Արևմուտքն ու բարձրաձայնում է դրա բարեշրջումների անհրաժեշտության մասին:
«Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը» վերջերս հրապարակել էր մի զեկույց, ըստ որի, Թուրքիան անհապաղ կարիք ունի սահմանադրական բարեփոխումների: Այդ զեկույցում նշվում էր, որ մարդու քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը Թուրքիայում գործող սահմանադրական օրենքներով երաշխավորված չէ, հետևաբար, այդ օրենքները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային նորմերին:












