Մինչ շինարարություն սկսելը, պետք է ուսումնասիրել Շուշիի ընդերքը
Գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը` ArmAr.am-ի հետ զրույցում իր մտահոգությունն արտահայտեց այն խնդրի առնչությամբ, որ ներկայումս Շուշիում լայնածավալ շինարարություն է ծրագրվում, բայց քանի որ Շուշին պատմական հնավայր է, ուստի` մինչ շինարարությունը սկսելը հարկ է ուսումնասիրել Շուշիի ընդերքը։
Կատարվո՞ւմ են, արդյոք, անհրաժեշտ ուսումնասիրություններ. այս խնդրի առնչությամբ ArmAr.am-ը դիմեց ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին։ Վերջինս ընդգծեց, թե օրենքով սահմանված է, որ հուշարձանների պահպանության գոտիներում իրականցվող բոլոր շինարարական աշխատանքները պետք է համաձայնեցվեն հուշարձանների պահպանությամբ զբաղվող պետական լիազորված մարմնի հետ։ Եվ, բնականաբար, պատմականորեն կարևոր վայրերում, այդ թվում՝ Շուշիում, ցանկացած շինարարություն սկսելուց առաջ, պատմության և մշակույթի հուշարձանների առկայությունն այդ տարածքում ճշտելու նպատակով՝ տեղանքի նախնական ուսումնասիրություն է կատարվում։
Ս.Շահվերդյանը նաև նշեց, որ չնայած այս ամենին, ցանկացած շինարարության ժամանակ կա վտանգ, որ մշակութային պատմական մի շերտ կարող է կորսվել. «Այդ վտանգը միշտ կա և նման աշխատանքներ կատարելիս պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի հնարավորիս նվազեցվեն կորուստները»,- ասաց Ս. Շահվերդյանը։
ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետը նաև տեղեկացրեց, որ Շուշիում մի քանի տարի առաջ իրականացվել են հնագիտական պեղումներ: Այդ պեղումների արդյունքների հիման վրա հրապարակվել են բազմաթիվ նյութեր, կազմակերպվել են ցուցահանդեսներ։ «Նախքան ցանկացած շինարարություն նախաձեռնելը մենք անպայման նկատի ենք առնում այն, որ տարածքը պետք է ուսումնասիրվի։ Եթե անհրաժեշտություն լինի՝ նաև պեղումներ կկատարվեն»,- հեռակա Բակուր Կարապետյանին հանգստացնել Սերգեյ Շահվերդյանը։
ArmAr.am












