Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Մարդկանց նվազագույն պայմանները պետք է ապահովվեն»

Դեկտեմբեր 23, 2009թ. 19:05

KAR_9978-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում` 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հանրապետության ղեկավարի այցելության առաջին կանգառը եղել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքը. այստեղ նա շրջայց է կատարել «նոր քաղաքի» տարածքում, այցելել  կառուցվող բնակելի տներ:

Այնուհետեւ Նախագահ Սարգսյանը եղել է Շիրակամուտ համայնքում, շրջել  նորակառույց համայնքային կենտրոնում, զրուցել շիրակամուտցիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Շիրակամուտ համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ  Վարդեւանյանների բազմանդամ ընտանիքի նորակառույց տուն: Այս ընտանիքին Հանրապետության Նախագահը հյուրընկալվել էր նաեւ 2009թ. հուլիսի 15-ին, երբ նրանք դեռեւս բնակվում էին վագոն-տնակում եւ խոստացել էր հաջորդ անգամ այցելել արդեն բնակարանամուտի առիթով: Թեյի սեղանի շուրջ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Վարդեւանյաններն իրենց երախտագիտության խոսքն են ուղղել երկրի Նախագահին` ամանորին ընդառաջ սեփական տունն ունենալու այդքան երկար սպասված երազանքն իրականություն դարձնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի այցելության հաջորդ կանգառը եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասը: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել նորակառույց շենքերի բնակարանային պայմաններին, կատարված ներքին հարդարման աշխատանքներին: Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնել կատարված ներքին շինարարական աշխատանքների որակի վերաբերյալ:

Այնուհետև, երկրի ղեկավարը չնախատեսված խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի թերություններ, ինչ ուղղակի անթույլատրելի է:KAR_9763- Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ չպետք է տուժի որակը, Սերժ Սարգսյանն ասել է, որ եղած թերություններն ամբողջովին պետք է վերացվեն: Նախագահը նաեւ նշել է, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը: «Մարդկանց նվազագույն բոլոր պայմանները պետք է ապահովվեն, եւ բնակարանները պետք է հարմարավետ լինեն ապրելու համար: Իսկ եղած բաղթողումների հետ կապված կառուցապատող ընկերությունը և համապատասխան պետական գերատեսչությունները պետք է հետևություններ անեն»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նա հանձնարարել է նաեւ լուծել տարածքի բարեկարգման, կանաչապատման, ենթակառուցվածքների ապահովման հետ կապված խնդիրները:

Քաղաքաշինության նախարարության եւ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները խոստացել են, որ նշված աշխատանքները լիովին կավարտվեն, եւ շենքերը բնակության համար պատրաստ կլինեն հաջորդ տարվա մայիսի կեսին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն