Քուրդ լինելը Թուրքիայում համարձակություն է՞
Թուրքիայում շարունակվում են քրեական հետապնդումները Սահմանադրական դատարանի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարկություն» կուսակցության (ԺՀԿ) անդամների նկատմամբ:
Թուրքիայի ուժայիններն այսօր վաղ առավոտյան ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում հատուկ օպերացիա են իրականացրել: Գործողության արդյունքում ձերբակալվել է նախկին «ԺՀԿ»-ական հինգ քաղաքապետ, որոնք մեղադրվում են ՔԲԿ» (Քրդական բանվորական կուսակցության) հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» (Հուրրիյեթ) օրաթերթի էլեկտրոնային կայքը: Աղբյուրի համաձայն` ձերբակալվել են Շիիրթի, Սուրի, Քայափընարի, Զուլքուֆի և Բաղլարի քաղաքապետերը:
Հիշեցնենք, որ քրդական այդ կուսակցության լուծարումից հետո Ստամբուլի քրեական դատարանը «ԺՀԿ» նախկին պատգամավոր Այսել Թուղլուքի դեմ «ՔԲԿ» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանք ներկայացրեց: Դա նշանակում է, որ նրան սպառնում է 5-15 տարի ազատազրկում: Անձեռնմխելիությունից զրկված պատգամավորի դատավարությունը նշանակվեց 2010 մարտի 30-ին: Շատ չանցած Անկարայի հանրապետական դատախազությունում քրեական գործ հարուցվեց «ԺՀԿ» նախկին ղեկավար Ահմեդ Թյուրքի նկատմամբ: Վերջինս մեղադրվում էր իր հրապարակային ելույթներում ատելություն ու թշնամանք սերմանելու, հանցագործությունն ու հանցագործին գովաբանելու մեջ: Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունների բռնապետական ու հակաժողովրդավարական արշավը քրդամետ գործիչների նկատմամբ շարունակվում է:
ArmAr.am












