Իրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի ամբիոնը` հայապահպանության կարևոր կռվան
Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը iranahayer.com կայքէջին տված հարցազրույցում ասել է, թե հայ լինելն ու հայ մնալը իրանահայ համայնքի կենսաձևն է:
Անդրանիկ Սիմոնյանը նկատել է, թե կար ժամանակ, որ ինքը կարևորում էր հայոց լեզվի եւ գրականության ամբիոն հաճախող հայ ուսանողների տարիքը. «Մտածում էի, որ մեր ամբիոնում անպայման երիտասարդներ լինեն, բայց այսօր հասկանում եմ, որ ուսանողի տարիքը կարևոր չէ, կարևորն այն է, որ իրանահայ ուսանողն ավարտելով մեր ամբիոնը դառնում է մայրենիի մեջ կոփված ու առավել ազգային կերպար»:
Այսօր ամբիոն են հաճախում նաև 35-ից մինչեւ 55 տարեկան ուսանողներ, որոնք հայագիտության փայլուն գիտակներն են:
«Այսօր երիտասարդներն ավելի ցրված են, տարված այլ հետաքրքրություններով»,-նկատել է դոկտոր Սիմոնյանը, բայց նաև հավելել է, թե` նրանք, ովքեր գալիս են հայագիտության ամբիոն մեկ նպատակ ունեն. «Գալիս են ծովածավալ հայ գրականության մէջ մխրճվելու, իսկ արդյունքում կա վաստակ, որը գնահատվում է նաև շրջապատի կողմից»:
Ամփոփելով իր խոսքը նա ասել է. Իրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը դիմագրավում է նորանոր մարտահրավերների, այն համայնքի հայապահպանության կարևոր մի կռվան է և պետք է ամեն ինչ անել ամբիոնի պահպանմանը զօրավիգ լինելու համար:
ArmAr.am












