«Կոշտ ու կոպիտ դիրքորոշմամբ, շարունակ ռազմատենչ հայտարարություններով, Բաքուն երբեք արդյունքի չի հասել ու չի էլ հասնելու»,- գրում է թուրքական «Միլիյեթ»-ը
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է Նախիջևան այցելել:
Թուրքական «Ակշամ» թերթը տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի նախօրեին` հոկտեմբերի 2-3-ը, Գյուլը կմեկնի Ադրբեջան: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են ոչ պաշտոնական միջավայրում` Նախիջևանում: Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևին անձամբ է ծանոթացնելու Հայաստանի հետ քննարկվող արձանագրությունների հետ: Ըստ պարբերականի, Գյուլը նախ և առաջ վստահեցնելու է, որ Թուրքիայի համար շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հարցը:
Թե ինչ է թաքնված այս այցի հետևում, պարզ է: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը վերաբերվող արձանագրությունների հրապարակում Բաքվում հիստերիա էր առաջացրել: Փոքր եղբոր անհանգստությունը փարատելու նպատակով թուրք պաշտոնյաները գործի են դրել բոլոր «հանգստացնող» միջոցները: Նախ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է հեռախոսազրույց ունեցել Ի. Ալիևի հետ, ապա արտգործնախարար Դավութօղլուն: Սակայն ինչպես երևում է ոչ Թուրքիայի վարչապետին, ոչ էլ արտգործնախարարին չի հաջողվել ադրբեջանական կողմին հանգստացնել:
Թուրքական «Միլիյեթ» թերթն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ մտահոգված Ադրբեջանի խնդիրներին: Պարբերականը գրել է. «Ադրբեջանը ոչ դիվանագիտական, ոչ տնտեսական շրջափակման, ոչ էլ պատերազմի միջոցով չի կարող Ղարաբաղը կրկին իր իշխանության տակ առնել: Հնարավոր էլ չէ հետագայում ևս նման բան կանխատեսել»: Ըստ թերթի, կոշտ ու կոպիտ դիրքորոշմամբ, շարունակ ռազմատենչ հայտարարություններ անելով, Բաքուն երբեք էլ արդյունքի չի հասել ու չի էլ հասնելու: Ավելին, թերթը նկատում է, որ Թուրքիայի կառավարությունը, ինչպես կիպրական հարցում է աշխարհին ու հույներին ասում, որ անհնար է վերադառնալ Կիպրոսի նախկին (մինչև 1974թ.) կարգավիճակին, այնպես էլ պարտավոր է այսօր ազերի եղբայրներին հասկացնի, որ անհնարին է Հարավային Կովկասը վերադարձնել 1992 թվականի իրավիճակին:
Այլ կերպ ասած Թուրքիայում հասկանում են, որ երկրի արտաքին քաղաքականությունը փոխվել է, և դա պետք է հասկանա է նաև Բաքուն:












