Բանակային խուճապ ադրբեջանական համաժողովներում
Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամեքենան մշտապես հայտարարում է իրենց բանակի մարտունակության, նոր սպառազինությունների, հսկայական բյուջեի մասին՝ այս ամենից բխեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իրենց հաստատակամությունը: Սակայն մի բան է հայտարարություններ անելը, այլ բան է իրականությունը:
Օրերս ադրբեջանական ֆորումներից մեկում ուշագրավ մի նյութ հայտնվեց, որը դարձավ երակարատև և բուռն քննարկումների պատճառ: Ֆորումի անդամներից մեկը պատմել էր, որ 2008թ. բանակի զորամասերից մեկի հրամանատարի անփութության և սեփական վերահսկողության տակ գտնվող տարածքի ականապատ հատվածների մասին գաղափար չունենալու պատճառով` ականի վրա պայթել էր զինվորական մեքենան՝ մի քանի զինծառայողների մահվան պատճառ դառնալով:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ դեպքի ժամանակ զորամասում էին կառավարական որոշ պաշտոնյաներ և լրագրողներ: Հրամանատարի ճնշմամբ լրագրողները խոստանում են ոչինչ չհրապարակել: Զոհված զինվորներից մեկի հայրը, հույսը կորցնելով, թե երբևէ կիմանա որդու մահվան իրական պատճառը, դիմում է հուսահատ քայլի. նա ընկերների օգնությամբ առևանգում է զորամասի հրամանատարին և մահվան սպառնալիքով կորզում ճշմարտությունը: Սա տարածված տեղեկության համառոտ նկարագրությունն է, ինչին հետևել էին ֆորումի մասնակիցների զայրագին քննարկումներն ու մեկնաբանությունները: Քննադատության և վիրավորանքների հիմնական սլաքն ուղղված էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի դեմ:
Որոշ ժամանակ անց պարզվում է, որ այս տեղեկատվությունը հավաստի չէ. դեպքի «սցենարը» վերցված էր եվրոպական երկրներից մեկի բանակում տեղի ունեցած միջադեպից: Բայց քանի որ համանման միջադեպերը ադրբեջանական բանակում սովորական երևույթ են, ֆորումի մասնակիցները, առանց խորամուխ լինելու մանրամասների մեջ, իրենց վրդովմունքն էին արտահայտում:
Այս դեպքին կարելի էր նույնիսկ ուշադրություն չդարձնել, եթե ադրբեջանական լրատվամիջոցներում մշտապես չհնչեին սեփական բանակի մասին մյունհաուզենյան «դիտարկումներ» և չլիներ մի կարևոր հանգամանք. մեկնաբանություններն ընթերցելիս այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ադրբեջանցիները պատրաստ են հավատալու իրենց բանակին վերաբերող ցանկացած պատմության:
Կարելի է հասկանալ ադրբեջանական ֆորումում տիրած խուճապի պատճառները. միայն 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ադրբեջանական բանակում, ըստ պաշտոնական տվյալների, դժբախտ պատահարների, սպանության և ինքնասպանության զոհ են դարձել 9 զինծառայողներ, ևս 5-ը՝ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Չի կարելի բացառել նաև մեկ այլ տարբերակ. զորամասում իբր թե տեղի ունեցածը տարածել են որոշ ուժեր, որոնց նպատակը Ադրբեջանի պաշտպանության ներկայիս նախարարին վարկաբեկելն է: Պատահական չէ նաև այն, որ պարբերաբար շրջանառվում են Սաֆար Աբիևի պաշտոնանկության մասին լուրեր, ինչը լրջորեն քննարկվում և վերլուծվում է ինչպես ադրբեջանական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում: Մասնավորապես՝ ադրբեջանական աղբյուրները նշում են, որ պաշտպանության նոր նախարարի հնարավոր թեկնածուներից մեկը ռուսական բանակի հրամանատարի տեղակալի պաշտոն զբաղեցնող գեներալ-մայոր Բաղիր Ֆատուլաևն է: Աբիևի պաշտոնին է հավակնում նաև Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ ներկայիս պետ Նեջմեդդին Սադիգովը:
Չի բացառվում, որ Աբիևին վարկաբեկելու գործին են ձեռնամուխ եղել նաև նախագահ Ալիևի հանձնարարությամբ, և համապատասխան ծառայությունները լրատվամիջոցներին են տրամադրում բանակում տեղի ունեցող արտակարգ դեպքերի մասին իրական և մտացածին տեղեկություններ՝ խարխլելով հարուստ և ազդեցիկ նախարարի իշխանությունը:
Այս ամբողջ պատմության մեջ էականը, սակայն, անդրկուլիսյան պայքարը չէ, այլ այն, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները ոչ մի կերպ չեն համընկնում ադրբեջանական հասարակության իրական տրամադրություններին:
ArmAr.am












