Ալեքսանդր Մանասյան. Թերթեր հայոց նորագույն պատմության քաղաքական օրացույցից
Արցախյան ազատամարտի քաղաքական օրացույցը
Սեպտեմբերի 2-ը Ղարաբաղյան ազատամարտի տարեգրության մեջ
1991-ի սեպտեմբերի 2-ին նախկին ԼՂԻՄ-ի և հարակից դեռևս չհայաթափված Շահումնյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդները ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ կայացած հատուկ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լուծարվող խորհրդային միության տարածքում կայացող նոր ինքնիշխան պետություն: Մեր ազատամարտի օրացույցը լոկ այսքանն է ասում պատմական այդ իրադարձության մասին: Օրացույցն արձանագրում է փաստն առանց իր ազգային քաղաքական, աշխարհաքաղաքական ու պատմական ենթատեքստերի: Դա նրա ժանրային առանձնահատկությունն է: Իրականում սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ի հռչակումը պատմաքաղաքական, իրավական ու մշակութային իմաստային խորքեր ունի, որ դեռևս կարոտ է վերհանման: Քաղաքական այդ ակտի հետ ակպված բազմաթիվ հարցեր կան, որոնք մինչ օրս իրենք միանշանակ պատասխանները չունեն կամ որոնց պատասխանները դեռևս հայտնի չեն ՙշարքային հային՚: Ահա այդ հարցերից երկուսը:
Հարց առաջին: Ինչու՞ Ստեփանակերտում ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակեց հենց սեպտեմբերի 2-ին` մինչ Երևանում Հայաստանի Հանրապետությունը կհռչակեր Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությունը: Չէ՞ որ կար 1989 թ. դեկտեմբերի մեկի ՙՄիացման մասին համատեղ որոշումը՚: Այլ կերպ ասած` ինչու միացումից հետո որոշվեց անկախանալ առանձին-առանձին:
Իրոք, Ստեփանակերտում չսպասեցին, որպեսզի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության կազմում հռչակվեին որպես միասնական պետություն` հինք ընդունելով 1989-ի դեկտեմբերի մեկի միացման մասին վերը հիշատակված Համատեղ որոշումը, որը միջազգային իրավունքի տեսակետից անխոցելի փաստաթուղթ էր: Ինչու՞, ուրեմն, այդպես չարվեց:
Պարզվում է` պատմությունն այս հարցում հեշտ ընթռնելի է, և ինչ-որ գաղտնիքներ չունի /չնայած մինչ օրս այդ մասին քաղաքական գործիչները նախընտրում են լռություն պահպանել/: 1991-ի ամռանն արդեն հայտնի էր, որ ԽՍՀՄ-ի այդքան հեշտ ու արագ կազմաքանդումով ոգևորված Արևմուտքը, կազմաքանդման այդ գործընթացը անցավագին և իր համար ամենաէժան ձևով ավարտին հասցնելու համար որոշել էր հետխորհրդային տարածքում նորանկախ հանրապետությւոնները ճանաչել նախկին խորհրդային միութենական հանրապետությունների սահմաններում: Դեռևս Խորհրդային Հայաստանում քաղաքական իշխանության եկած նոր ուժերը` ՀՀՇ-ականները, որոշեցին չհակադրվել Արևմուտքին /և առաջին հերթին ԱՄՆ-ին/ և այդ մասին նախապես տեղյակ պահեցին ստեփանակերտցիներին:
Կարևոր է նկատել, որ Արևմուտքի այդ որոշմանը դեմ չէր նաև Ռուսաստանի Դաշնությունը, որը խնդիրներ ուներ` կապված 1990 թվականի ապրիլի 3-ի «Միութենական հանրապետության ԽՍՀՄ-ից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին» ԽՍՀՄ օրենքի հետ, որը արտոնում էր միութենական հանրապետությունների կազմի մեջ մտնող ինքնավար կազմավորումներին ու նրանց տարածքում հավաք բնակության վայրերի ազգություններին ինքնուրույն որոշել իրենց կարգավիճակի հարցը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: Մոսկավան ահաբեկված էր այն մտքից, որ այդ օրենքը կարող է նաև իր կազմաքանդման իրավաքաղաքական խթան դառնալ: Ռուսաստանի մտավախությունները ցրելու համար Արևմուտքը հորդորում էր Մոսկվային չանհանգստանալ այդ կապակցությամբ, քանի որ ինքը անտեսելու է ապրիլի 3-ի օրենքը և մյուս հանրապետությունների պես ճանաչելու է նորանկախ Ռուսաստանը նախկին խորհրդային Ռուսաստանի Դաշնության սահմաններում: Բնական է, որ Վաշինգտոնը դա անում էր ԽՍՀՄ կազմաքանդմանը Մոսկվայի հնարավոր հակազդեցությունը կանխելու նպատակով /չնայած ինքը դեմ չէր լինի նաև այդ դաշնության կազմաքանդմանը/: Այսպես, թե այնպես, 1991-ին Արևմուտքը հանդես եկավ որպես Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության երաշխավոր, և դրա գինը 1990 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի անտեսումն էր:
ԽՍՀՄ լուծարումը 1991-ի գարնան-ամռան ամիսներին արդեն ընդունել էր անշրջադարձելի բնույթ: Ահա թե ինչու Մոսկվան ստիպված էր շնորհակալությամբ ընդունել Ռուսաստանի դաշնության տարածքային ամբողջականության երաշխավոր լինելու Արևմուտքի պատրաստակամությունը, իր հերթին մոռացության տալ /ակտիվորեն անտեսել/ իր ամբողջականությանը սպառնացող 1990 թվականի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքը և դիմադրություն ցույց չտալ ԽՍՀՄ լուծարմանը:
Այս բոլորը արդեն իսկ 1991-ի ամռանը հայտնի էր հայաստանյան ղեկավարությանը, և նրանք իմաց էին տվել Ստեփանակերտի իշխանություններին, որ Հայաստանի Հանրապետությունը անկախանալու է Խորհրդային Հայաստանի սահմաններում` առանց Լեռնային Ղարաբաղի:
Ի՞նչ էր մնում անել ղարաբաղցիներին, եթե ոչ այն, ինչ նրանք արեցին սեպտեմբերի 2-ն, հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իրենց ինքնիշխանության հռչակումով առաջ անցնելով Հայսատանի Հանրապետությունից:
Քաղաքական այդ ակտը Ստեփանակերտում ընդունվեց այն բանից անմիջապես հետո, երբ Բաքվում նախօրյակին` օգոստոսի 30-ին, ընդունվեց «Պետական անկախության վերականգման մասին» հռչակագիրը: Այդ հռչակագիրը իրավական տեսակետից ԽՍՀՄ-ից դուրս գալու իմաստն ուներ: Սակայն փաստաթղթի իրավական բովանդակությունը դրանով չէր սպառվում, քանի որ Բաքվում այդ հռչակագրով հրաժարվեցին լինել Խորհրդային Ադրբեջանական Հանարպետության իրավահաջորդը և վերականգնեցին 1918-1920 թվականներին Անդրկովկաս ներխուժած թուրքական բանակի կողմից հիմնված և դարձան ընդամենը 15 ամիս գոյատևած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Հարց երկրորդ: Ճի՞շտ վարվեցինք արդյոք, որ մենք 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրում ԼՂՀ անկախացումը բաց տեքստով չներկայացրինք որպես Հայաստանի Հանրապետությունից անջատում:
Այս հարցի պատասխանն ակնհայտ է: Ո’չ, ճիշտ չվարվեցինք: Մենք թույլ տվեցինք դրանով մեր ընդդիմախոսներին, իսկ հետագայում նաև հակամարտության կարգավորմամբ զբաղված միջնորդներին, չանդրադառնալ 1998 թ. դեկտեմբերի 1-ի Միացման մասին ընդունված Համատեղ որոշմանը և դուրս մղել այն բանակցային գործընթացի տեքստերից ու ենթատեքստերից: Միջազգային օրենքի տեսակետից անբասիր այդ որոշման դուս մղումը հակամարտության կարգավորման հետագա գործընթացներից հանդեցրեց այն բանին, որ ԼՂՀ անկախացումը դիտվեց իբրև անջատում Ադրբեջանական Հանրապետությունից: Չնայած իրականում դա այդպես չէր:
Անկախության մեր հռչակագրում Ադրբեջանի մասին ընհանրապես որևէ մի խոսք չպետք է լիներ: Հակառակը բաց տեքստով պետք է ընդգծվեր Հայաստանի Հանրապետությունից անջատվելու իրավական փաստը: Դա կկարևորեր 1989 թ. դեկտեմբերի 1-ի Միացման ակտը և խնդրահարույց կդարձներ 1990 թ. ապրիլի 3-ի օրենքի հիման վրա Ադրբեջանական Հանրապետությունից անջատվելու հարցը:
Կարող են ասել` Արևմուտքը դա չէր ընդունի: Բայց ո՞վ է ասել, թե մենք պիտի ասենք հենց այն, ինչ ցանկանում է լսել Արևմուտքը, մանավանդ, որ խոսքը օրինաչափությունների չենթարկվող մի գործընթացի ու մի խառնակ ժամանակահատվածի մասին է: Եվ հետո, ընդհանրապես հակամարտությունների կարգավորման գործընթացներում անդրադառնում են այն հարցերին, որոնց մասին խոսվում է: Եթե ինչ-որ բանի մասին կողմերից ոչ մեկը չի խոսում ՙայդ բանը՚ չի էլ քննաարկվում:
Իրականում սեպտեմբերի 2-ի «ԼՂՀ Անկախության մասին» հռչակագիրը գրված է այնպես, որ հետագայում էլ հնարավոր էր /և այսօր էլ դա հնարավոր է/ ԼՂՀ-ն Հայատանի Հանրապետությունից անջատվելու մասին փաստը քաղաքական շրջանառության մեջ դնել: Սակայն մենք դա չեն արել մինչ օրս և, ըստ երևույթին, պատրաստ չենք դա անելու և այսուհետ: Քաղաքական մտածողության հարց է:
Ինչպիսին էլ լինեն սեպտեմբերի 2-ի ԼՂՀ անկախության հռչակագրի ընդունմանը քաղաքական ենթախորքերը 1991-ին և դրան հաջորդած տարիներին, այդ հռչակագիրը մնում է մեր նորօրյա պատմության փառավոր էջերից մեկը, և յուրաքանչյուր հայ հպարտությամբ պետք է լցվի մեր ազատամարտի այդ հրաշք օրվա մասին խորհելիս:
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ












