«Այո»-ի և «Ոչ»-ի խաչմերուկում
«Մինչև սահմանը ազգովին մեր ուղեղում չբացենք, այդ սահմանը երբեք կայուն չի բացվելու»,- ասում է գրող, հրապրակախոս,ԱԺ պատգամավոր Ալ.Պետրոսյանը: Նա համոզված է, որ ոչ մեկն էլ առայժմ չի ուզում, որ համաձայնագրերը վավերացվեն: «Հայ ժողովուրդը, նաև սփյուռքի հայությունը հայ-թուրքական խաչմերուկում ճապաղվել-մնացել է: Մի մասը «Այո» է ասում, բայց չի կարողանում խորապես պատճառաբանել իր «այո»-ն, մի մասը`«ոչ», և կրկին առանց լուրջ պատճառաբանության: Երկու կողմում էլ կեղծավորներ կան, որոնք պարզապես իրենց քաղաքական շահի, օրախնդիր փառասիրությունից ելնելով` «այո» եւ «ոչ» ասացին: Բայց կան նաև իսկապես համոզված «այո» եւ «ոչ» ասողներ: Կարծում եմ, որ այդ երկուսի մեջտեղում է ճշմարտությունը: Հենց նրանք պետք է իրար հետ որոշեն, բանավիճեն: Դեռևս չի եղել այնպես, որ հակադիր քաղաքական դիրքորոշումներ ունեցող, բայց միտք ունեցող այրեր քաղաքական դաշտում ազգի համար շատ կարևորագույն խնդիրներ լուծեն: Այս գործողությունների մեջ շատ շտապողականություն կա: Հայ-թուրքական հարաբերությունները միայն գործողություններ չեն: Սա այն խնդիրն է, որտեղ հոգեբանական լուրջ նախապատրաստվածություն է պետք: Հայ-թուրքական սահմանի բացումը հոգեբանական, մտային խնդիր է: Մնացածը տեխնիկական գործողություններ են: Վերջիվերջո, մենք չենք կարող մեր հարևանների հետ հավիտենական փակ սահմաններով ապրել»:
Ալվարդ Պետրոսյանը, վերլուծելով իրավիճակը, տագնապով է նայում ապագային. «Ադրբեջանում կգա մի սերունդ, որի համար Ղարաբաղը այլեւս խնդիր չի լինի, բայց մեզ մոտ էլ կգա մի սերունդ, որ չի հասկանա, թե ինչ է նշաակում կորուսյալ հայրենիք: Մենք այդ տագնապները պետք է ունենանք. որպես զբոսաշրջի՞կ պետք է գնան այդ հայրենիքը. այս հարցին պետք է կարողանանք պատասխնել»:












