Բակո Սահակյան. «Մեր նպատակը սոցիալապես կայուն ու ապահով հասարակության կառուցումն է»
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ուղերձով դիմել է ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 2-րդ համագումարի մասնակիցներին
Հարգելի ներկաներ, ուրախ եմ ողջունել ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 2-րդ համագումարի մասնակիցներին եւ մաղթել հաջող ու բեղմնավոր աշխատանք:
Լեռնային Ղարաբաղի արհեստակցական միությունները գործունեության հինգ տարիների ընթացքում կարողացան դառնալ ամենամասսայական կազմակերպություններից մեկը եւ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում մեր հանրապետության կյանքում:
Արցախի իշխանությունները շահագրգռված են ունենալ ուժեղ ու կազմակերպված կառույց, որը սերտ ու կառուցողական համագործակցություն հաստատելով պետության հետ` կպաշտպանի աշխատավորների շահերն ու իրավունքները, արդյունավետ աշխատանք կծավալի նրանց առողջության եւ սոցիալական հարցերի լուծման, հանգստի կազմակերպման ուղղությամբ:
Կարեւոր է նաեւ կապերի խորացումն ու ընդլայնումը ինչպես սկզբնական կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանի եւ այլ պետությունների արհմիությունների հետ:
Բազմակողմանի ու նպատակասլաց գործունեությամբ դուք կարող եք ըստ ամենայնի նպաստել մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը եւ համընդհանուր խնդիրների լուծմանը: Մեր նպատակը սոցիալապես կայուն ու ապահով հասարակության կառուցումն է, եւ վստահ եմ, որ ԼՂՀ արհմիությունները իրենց արժանի ներդրումը կունենան այդ նպատակի իրականացման գործում:












