Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ձեռք չի տալիս, մի նստիր

Դեկտեմբեր 25, 2009թ. 10:33

марсшруткиՀասարակական տրանսպորտում կանգնած ուղևորների փոխադրումը մեզանում  սովորական երևույթ է: Քաղաքային իշխանությունները, ինչքան էլ «մեծ» ջանքեր գործադրեցին խնդրի լուծման համար, այնուամենայնիվ գերբեռնված երթուղայինները չդադարեցին երևանյան համայնապատկերի «զարդը» լինելուց: Մարդիկ նորից տեղափոխվում են, ինչպես ձկները տակառում: Դրանցից օգտվելը իսկական փորձություն է: Պարզ է, որ կանգնած բոլորն էլ հոգնում են, բայց միաժամանակ չեն ուզում ուշանալ աշխատանքից, դասից: Բայց, քանի որ փոխադրամիջոցների քանակը բավարար չէ,  ապա միանգամայն բնական է, որ մարդիկ ստիպված համաձայնում են կանգնած, կիսականգնած եւ մի շարք այլ, նկարագրության չենթարկվող դիրքերով երթևեկել: Վարորդները ուղևոր չկորցնելու համար պատրաստ են կիսել անգամ իրենց տեղը: Նրանցից շատերի համար ուղևորը ոչ թե մարդ է, այլ քայլող հարյուրդրամանոց: Վիճակն ավելի անտանելի է առավոտյան և երեկոյան ժամերին:  Երբեմն էլ ուղևորափոխադրումը կաթվածահար է լինում  վարորդ-գծատեր անլուծելի դարձած վեճերից . «Պլանը բարձրացրել են, չենք քշում»: Ոմանք օգտվում են առիթից. ընկերների գործադուլը հնարավորություն է տալիս շատ վաստակելու: Դրա հետևանքով, ուղևորը, բանից անտեղյակ, ժամերով սպասում է իրեն տուն կամ աշխատանքի հասցնող երթուղայինին, որը, բնական է, պետք է գերբեռնված լինի: Պատասխանատուները խնդրին լուծում տալու համար տույժ ու տուգանք սահմանեցին: Սակայն դա էլ ժամանակավոր բնույթ կրեց: Մեկ- երկու հրապարակային պատիժ և վերջ: Թվում էր, թե ներկրվող ավտոբուսներով հնրավոր կլինի կարգավորել իրավիճակը, բայց …

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Ա. Միրիջանյանը խնդրի լուծման իր տարբերակն ունի. գերբեռնված երթուղայիններից օգտվող ուղևորներին  խորհուրդ է տալիս չնստել, չվտանգել կյանքը, փոխարենը, հրաժարվել հայկական  մենթալիտետից, 5 րոպե տանից շուտ դուրս գալ ու հանգիստ սպասել հերթական մեքենային: Ասենք, որ հատկապես առավոտյան ժամերին, գծերի սկզբնամասում արդեն երթուղայինների նստատեղերը զբաղված են լինում:  Պարոն Միրիջանյանը վստահեցնում է, որ ԱՊՀ երկրներում էլ օրվա բանուկ ժամերին տրանսպորտը գերբեռնված է լինում: Հետևություն. խնդիրը համատարած է, ուրեմն, պետք է համակերպվենք:  Սակայն  Պ. Միրիջանյանին տեղեկացնենք, որ այդ երկրներում փոխադրանին տարողունակ է, ուստի և ուղևորը կարող է երթևեկել  գոնե կանգնած, և ոչ թե «ծալապատիկ»:

Նշենք, որ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն, «Ուղևորն իրավունք ունի պահանջել փոխադրողի պատճառով իրեն հասցված վնասի հատուցում»: Սակայն պարզ է, որ այս պայմաններում հատուցման մասին խոսք լինել չի կարող:

Լիլիթ Պողոսյան


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն