Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

2010 թվականի նախաշեմին ArmAr.am-ը խնդրեց Արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանին ամփոփել անցած քաղաքական տարին

Դեկտեմբեր 25, 2009թ. 10:56

David-Babayan-2009 թվականը Արցախի համար նշանակալից էր հատկապես արտաքին քաղաքականության տեսանկյունից:

Տարվա ընթացքում Արցախը լրջորեն հետևում էր այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի էին ունենում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Այս տեսանկյունից դիտելով` տարին կարելի է համարել Մադրիդյան սկզբունքների քննարկման, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման դիտարկման տարի:

Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքների բուռն քննարկումներին, ապա կարելի է ասել, որ Արցախում այս գործընթացների վերաբերյալ  յուօրինակ դիրքորոշում է ձևավորվել. մենք բավական հանգիստ ենք վերաբերվում այդ ամենին, քանի որ նման սկզբունքներ պարբերաբար մի քանի տարին մեկ հրապարակվում են, ինչպես օրինակ` Քիվեստը, հետո Մադրիդյան սկզբունքները… Այս առումով իրավիճակը  հանգիստ է:

Բացի դրանից, հակամարտության կարգավորման շրջանակներում կարևոր մի իրադարձություն տեղի ունեցավ` Արցախի բարձրագույն ղեկավարությունը` նախագահի գլխավորությամբ, հստակ ներկայացրեց պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը հակամարտության կարգավորման վերաբերյալ, ըստ որի, վերադարձ 1988 թվական ո’չ սահմանների, ո’չ կարգվիճակի առումով, հնարավոր չէ:

Այսպիսի հայտարարություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ էր հնչում: Այսինքն` առաջին անգամ հրապարակայնորեն հռչակվել է պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը: Սա կարելի է համարել տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը:

-Պարոն Բաբայան, Արցախում ինչպե՞ս ընդունվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը, և արդյո՞ք այն որևէ լարվածություն չառաջացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:

-Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման վերաբերյալ, կարելի է ասել, Արցախում հստակ դիրքորոշում է ձևավարվել: Այստեղ ևս կողմնակից են առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Մասնավորապես, բացառվում է խնդրի կարգավորումը Մեծ Եղեռնի անտեսման կամ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաշվին:

Ինչ վերաբերում է հակամարտության բանակցային գործըթնացին, ապա լարվածություն, որպես այդպիսին, չառաջացավ:

Այստեղ պետք է հաշվի առնել մի շատ կաևոր հանգամանք. հայ-թուրքական հարաբերությունների հաստատման բանակցություններոով հայ ժողովրդի ընկալման մեջ մի տեսակ բախում առաջացավ հայ ժողովրդի աշխարհաքաղաքական տեսակետների և պատմահոգեբանական ասպեկտների միջև: Մինչ այս արձանագրությունները նման բան տեղի չէր ունեցել: Թուրքական արտաքին քաղաքականության վեկտորը տաբուի նման մի բան է եղել: Ե’վ Հայաստանը, և’ հայ ժողովուրդն ընդհանրապես կարողացել են այնպես անել, որպեսզի հնարավորինս խուսափեն Թուրքիայի հետ հարաբերություններից: Այդպիսին էր նաև Թուրքիայի քաղաքականությունը: Բայց, հաշվի առնելով տարածաշրջանային և գլոբալ տարբեր զարգացումները, հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն առաջավ, և տեղի ունեցավ նման բախում: Եվ դա բնական է, քանի որ հայ ժողովրդի ընկալումներով Հայաստան, Հայկական պետականություն հասկացություններն ունեն մի քանի շերտեր: Ըստ քաղաքականի, դասական ձևով պիտի լինի երկրի տարածք, սահման և այդտեղ ապրող բնակչության համար գործող օրենք: Իսկ ըստ պատմական, աշխարհագրական, հոգեբանական մոտեցման, Հայաստանն ավելի մեծ է, քան ներկայիս Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը: Այդ պատճառով առաջին անգամ հայոց աշխարհընկալման մեջ նման բախում տեղի ունեցավ:

Դա առավել զգացմունքային դրսևորվեց սփյուռքում, քանի որ իրենք կորցրել են հենց տարածքային բաղադրամասը: Իհարկե, Արցախը, լինելով հայ ժողովրդի անբաժանելի մասը, նույն կերպ արձագանքեց:

-Նախորդ տարում նաև շատ շահարկվեց ազատագրված տարածքների հարցը, վերադարձնել-չվերադարձնելու հարցը: Դա կարելի՞ է համարել նախորդ տարվա բացասական իրողություններից:

-Արցախում արդեն ձերբազատվել են «ազատագրված տարածքներ» հասկացությունից: Այն Արցախում առաաջացնում է բացասական ռեակցիա, քանի որ մեզ համար այլևս չկա «ազատագրված տարածք»: Այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժանելի մասն է, և Արցախի ժողովուրդը կամաց-կամաց փոխում է իր ընկալումը: Եվ այս փոփոխությունը շատ կարևոր է, քանի որ վերանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ազատագրված տարածքներ բաժանումը: Հիմա այն ընկալվում է` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժան մաս: Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելու նման խոսակցություններն այստեղ ընդունվում են շատ վատ, լինի ժողովրդի, թե իշխանության կողմից:

-Ինչպիսի առաջընթաց գրանցեց նախորդ տարին Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում:

-Պետք է նշեմ, որ Արցախի վերադարձը բանակցային գործընթաց անխուսափելի երևույթ է: Ուշ թե շուտ դա տեղի է ունենալու: Բայց այսօր մեր առաջնային խնդիրն այն է, որ Արցախը ոչ թե պարզապես վերականգնի իր բանակցային կարգավիճակը, այլ ընդհանրապես փոխվի բանակցությունների ձևաչափը: Դրա համար կողմերը պետք է պատրաստ լինեն երկխոսության:

Այսինքն` եթե Ադրբեջանը պնդում է, որ ինքը հակամարտության կարգավորումը տեսնում է 1988 թվականին և մինչ այդ եղած կարգավիճակին վերադարձ կատարելով, այսինքն` ոչ մի կերպ չճանաչելով Արցախը տարածքային առումով, նրա ինքնորոշման իրավունքի փաստը և ինքնորոշման փաստը, այն դիտելով որպես նախկին ԼՂԻՄ, ապա որևէ բանակցություն այս իրավիճակում անցկացնելն անիմաստ է: Միևնույնն է, ոչ մի առաջընթաց չի գրանցվելու:

Այսօր մենք տեսնում ենք, որ ինչպիսին եղել է ադրբեջանական դիրքորոշումը 1960-ին, 1988-ին, այնպես էլ մնացել է. ոչ մի փոփոխություն և տարբերություն: Նման ձևաչափով դժվար է լինելու բանակցություններ շարունակելը` անկախ նրանից, թե Արցախը կմտնի բանակցային գործընթաց, թե ոչ:

Իհարկե, ամեն դեպքում բանակցելը ճիշտ տարբերակ է: Այդ առումով կարծում եմ, որ եթե Արցախը նորից մտնի բանակցային գործընթաց, ապա պետք է փոխվի բանակցային գործընթացի փիլիսոփայությունը:

Հուսով եմ, որ նման բան տեղի կունենա:

Հարցազրույցը Անի Աբովյանի


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն