Վերին Լարսի բացումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ Վրաստանի շահերից բխող անհրաժեշտություն
Ռուսաստանյան լրատվական գործակալությունները երեկ տեղեկատվություն էին տարածել, թե Վերին Լարս անցակետում, որը Ռուսաստանի և Վրաստանի ցամաքային սահմանն է, հանդիպել են այդ երկու երկրների փորձագետները: Իսկ հանդիպման հիմնական առիթը Վերին Լարս անցակետի բացման հետ կապված հարցերի քննարկումն էր:
Վրաստանն արդեն հայտարարում է սահմանի բացման կոնկրետ ժամկետների մասին: Խոսքն, ի դեպ, մարտի 1-ի մասին է:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հարաբերություններում` օգոստոսյան հայտնի դեպքերից հետո հաստատված լարվածությունը, կարծես, քիչ թե շատ թուլացավ այն պահից սկսած, երբ երկու երկրների հարաբերություններում վերսկսվեց բանակցությունների վճռորոշ փուլը, որն ի դեպ, տեղի ունեցավ Հայաստանի միջնորդությամբ` հոկտեմբերի 30-ին Երևանում: Թեպետ հայտնի է նաև, որ Վրաստանը մինչև վերջ շարունակում էր պնդել, թե ինքը նախընտրում է միջնորդի դերը վերապահել ոչ թե Հայաստանին, այլ մեկ այլ երկրի, մասնավորապես, Շվեյցարիային: Նման մոտեցմամբ Վրաստանի իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենք Հայաստանը տարածաշրջանային վճռորոշ գործընթացներից մեկուսացնելու ադրբեջանա-թուրքական քաղաքականության կցորդն են` կամա, թե ակամ…
Ու չնայած վրացական կողմի անհեթեթ պնդումներին, հասկանալի է, որ ռուսական կողմի ներգործուն ազդեցության արդյունքում, միջնորդի դեր ստանձնեց Հայաստանը:
Հետաքրքիր մի տեղեկատվություն է փոխանցել «Վաշինգտոն թայմս»-ը: Ռուս-վրացական բանակցություններին մասնակից դիվանագետներից մեկը թերթի թղթակցին տեղեկացրել է, թե Ռուսաստանն ի սկզբանե մտադրություն ուներ սահմանը բացել միայն հայաստանյան բեռների առաջ, բայց բանակցությունների արդյունքում, համաձայնություն է ձեռք բերվել, որ սահմանի բացման դեպքում այն ծառայի նաև վրացական բեռանափոխադրողներին:
Մինչդեռ Վրաստանի ղեկավարությունը` իրեն բնորոշ մեծամտությամբ, այսօր ձևացնում է, թե Վերին Լարսի բացման մասին իր տված համաձայնությունը միմիայն «բարի կամքի դրսևորում է Հայաստանի նկատմամբ»: Հետաքրքիր է, որ Վրաստանը տարիներ անց ու միայն այսօր որոշեց «բարի կամք» դրսևորել հարևան երկրի նկատմամբ: Չմոռանանք, որ այդ երկրի նախագահ Սահակաշվիլին, վրաց ընդդիմությանը լռեցնելու նպատակով, ոչ հեռու անցյալում հայտարություններ էր հնչեցնում «շրջափակումից խեղդվող» Հայաստանի տնտեսական կործանման մասին…
Այնպես որ, չնայած Թբիլիսիի կեղծ պնդումներին` Վերին Լարսի բացման խնդրում Երևանից ոչ պակաս շահագրգռված է հենց Վրաստանը: Դա են վկայում նաև առկա փաստերը: Այսպես. եթե մի կողմից պաշտոնական Թբիլիսին սահմանի բացումը հայտարարում է իբրև հարևանական ժեստ` «ճգնաժամից կործանվող» Հայաստանի հանդեպ, ապա մյուս կողմից երկրի նախագահ Սահակաշվիլին Ազգային անվտանգության խորհրդի նիստում, խոսելով Վերին Լարս անցակետի բացման մասին, հայտարարել է, որ այն բխում է Վրաստանի շահերից:
Ավելին, վերջինս նույնիսկ հիշատակել է դրանում առկա երեք կարևորագույն գործոնները: Իբրև առաջին գործոն, նա նշել է այն հանգամանքը, որ սահմանի բացումը կնպաստի սահմանամերձ շրջանների բնակիչների բարեկեցությանը, քանի որ նրանք հիմնականում գումարներ են վաստակում շրջանի տարածքով անցնող մեքենաներին սպասարկելով ու սահմանամերձ առևտուր կազմակերպելով:
Որպես երկրորդ գործոն, Սահակաշվիլին փաստել է այն, որ սահմանի բացումը Վրաստանին հնարավորություն կտա պահպանել տարանցիկ երկրի կարգավիճակը:
Եվ վերջապես, երրորդը. Վրաստանը հնարավորություն կստանա Ռուսասատանի տարածքով փոխադրել սեփական բեռները` դեպի Եվրոպա:
Այնպես որ, նախագահ Սահակաշվիլու նման անկեղծ խոստովանությունը հերթական անգամ հաստատում է, թե որքան է Վրաստանը շահագրգռված սահմանի բացմամբ:
Ի դեպ, բազմաթիվ վերլուծաբաններ, այսօր արդեն փաստում են, որ Վերին Լարս անցակետի բացմանը հիմնականում նպաստել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:Եվ քանի որ այս երկու գործընթացները փախկապակցված են, հետևապես, հարկ է դրանք դիտարկել միևնույն հարթության մեջ:
Խնդիրն այն է, որ վրացական կողմը շատ լավ է հասկանում, որ հայ- թուրքական սահմանի բացմամբ Վրաստանը կզրկվի տարանցիկ երկիր լինելու իր կարգավիճակից:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանից հետո Վրաստանն այն երկրորդ երկիրն էր, որը խիստ ցավագին ընդունեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Այնպես որ, Վրաստանի իշխանություններն այլևս գիտակցում են, որ տարածաշրջանում տարանցիկ երկիր մնալու վերջին ու միակ հնարավորությունը կարող է լինել Վերին Լարսի վերաբացումը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինիս իշխանությունները ևս հասկանում են, որ շատ մոտ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փուլը, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում տարածաշրջանում փակ սահմաններ չեն լինելու: Հետևապես, հարկ է մի կողմ դնել Վրաստանի նկատմամբ դրսևորվող, մեղմ ասած, ոչ դրացիական վերաբերմունքն ու անհապաղ քայլեր ձեռնարկել Կովկասի հերթական փակ սահմանը բացելու ուղղությամբ:
Նկատենք, որ այս առումով մարտ ամիսը տարածաշրջանի համար հիշարժան է լինելու. չէ՞ որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու դրանով պայմանավորված` հայ-թուրքական սահմանի բացումը, համաձայն շրջանառվող խոսակցությունների, դարձյալ նույն ամսում են ակնկալվում: Իսկ նման զուգադիպություններ երբեք չեն լինում:
Սպասենք հնարվոր զարգացումներին:
ArmAr.am












