Իրավական պետության կերտման ճանապարհին
«Հայաստանում ազատ, անկախ դատարան դեռ չունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա համոզմամբ, պետք է փոփոխվի Հայաստանում դատական իշխանությունը կրողների իրավամտածողությունը: Դատական համակարգը պետք է ընթանա ինքնամաքրման և ինքնակառավարման ուժեղացման ճանապարհով`ապահովելու իր անկախությունը կողմնակի այլ ազդեցություններից:
Կատարվող խախտումները պայմանավորված են ՀՀ օրենսդրության մեջ առկա թերություններով: «Մենք ամբողջ աշխարհի հետ խոսում ենք բարոյականության, արդարության նորմերի մասին, սակայն մեր դատարաններում գործում է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը:
Ուսումնասիրելով իրավիճակը` Ա. Հարությունյանը փաստում է.
«Այսօր արդար դատաքննությունը հանրապետությունում երաշխավորված չէ, պաշտպանված չէ սեփականության իրավունքը, վառ օրինակը Հյուսիսային պողոտան էր. ոտնահարվում է հավասարության իրավունքը դատական գործընթացի ժամանակ»:
Քաղաքական և տնտեսական համակարգերում էլ լուրջ փոփոխությունների կարիք ունենք: Ըստ Ա. Հարությունյանի` մինչև չձերբազատվենք օլիգարխիկ համակարգից, չկարողանանք հակակշիռների եւ հսկումների համակարգ ապահովել, իրական կյանքում մնացած խնդիրների մասին դժվար կլինի խոսել:
Ա. Հարությունյանի համոզմամբ, հասարակական հարաբերությունների նորմալացման համար պետք է երաշխավորված լինի 2 կարեւորագույն իրավունք` արդար դատաքննության և խոսքի ազատության իրավունքը:
2010 –ին գրասենյակը ուսումնասիրություններ կներկայացնի ոչ միայն քաղաքացիական, քաղաքական, այլև մշակութային, տնտեսական, սոցիալական բնագավառներից: Ներկայումս պատրաստվում են հանդես գալ խոսքի ազատության, ցույցերին, հավաքներին, ազգային փոքրմասնություններին, հաշմանդամներին վերաբերող արտահերթ զեկույցով:












