Հայոց Ցեղասպանության թանգարանը ստացավ նվիրատվություն
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը յուրաքանչյուր տարի համալրվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու թանգարանային ցուցադրության կազմակերպմանը մեծապես նպաստող նորահայտ և բացառիկ թանգարանային արժեքներով: Հայտնի է, որ այդ արժեքները գերազանցապես ձեռք են բերվում թանգարանի բարեկամների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ:
Ինչպես ինստիտուտից տեղեկացավ ArmAr.am-ը, 2009թ-ին «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներ»-ի կողմից հանգանակված գումարը որպես նվիրատվություն տրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` գնումների միջոցով թանգարանի գիտական ֆոնդերը անհրաժեշտ նյութերով հարստացնելու համար:
Հատկացված միջոցներով թանգարանը ձեռք է բերել շուրջ 150 արժեքավոր թանգարանային միավորներ, այդ թվում 75 միավոր հազվագյուտ սկզբնաղբյուրային գրականություն, որոնցից 30-ը` եզակի նշանակության, հնատիպ հրատարակություններ են: Տարբեր աղբյուրներից ձեռք բերվեցին հարյուրավոր հնատիպ ամսագրեր ու թերթեր, բնօրինակ լուսանկարներ, բացիկներ, մեդալներ, նամականիշեր, ինչպես նաև 19-րդ դարի վերջին ռուս լուսանկարիչ Դ. Ի. Երմակովի կողմից արված հայկական մշակութային հուշարձանները պատկերող բնօրինակ լուսանկարների բացառիկ հավաքածու (38 նմուշ):
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր խորին երախտագիտւթյունն է հայտնում «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներին» իրենց ազնիվ ու հայրենանվեր քայլի համար, հույս հայտնելով, որ հետայսու շարունակական կդառնա ընդհանուր հիշողության պահպանմանն ուղղված համագործակցությունը:
ArmAr.am












