Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Դուք օգնում եք իշխանությանը` զերծ մնալ սխալներից, ժամանակին կանխել դրանք եւ չկորցնել զգոնությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը

Դեկտեմբեր 26, 2009թ. 15:47

KAR_1015Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ:

Հանրապետության նախագահը շնորհավորելով լրագրողներին` ասել է. «Մի քանի օրից մենք հրաժեշտ կտանք 2009 թվականին, որը լի էր բուռն իրադարձություններով եւ հիշարժան զարգացումներով: Գաղտնիք չէ, որ ձեր խոսքը, ձեր դիրքորոշումն ու կեցվածքն իսկապես ազդեցիկ են մեր հասարակության համար, քանզի այդ իրադարձությունների մասին մեր ժողովուրդն առաջին հերթին տեղեկանում է հենց ձեզնից։ Այսպիսով՝ նաեւ դուք եք գրում մեր պետության տարեգրությունը։ Իմ ցանկությունն է ու մաղթանքը, որ այդ տարեգրությունը լինի հնարավորինս անաչառ և ամբողջական։ Պատկերացրեք ապագա պատմաբանի վիճակը, որ փորձելու է նաեւ այսօրվա մամուլի էջերը թերթելով` պատկերացում կազմել մեր այսօրվա Հայաստանում տեղի ունեցող գործընթացների եւ առկա մթնոլորտի մասին։ Խոստովանենք` միշտ չէ, որ նա կունենա լիարժեք պատկերացում, միշտ չէ, որ հրապարակումները կկարողանան ծառայել որպես հավաստիKAR_0987 սկզբնաղբյուր կամ չեն բերի կողմնակալ եզրակացությունների։

Մենք գնահատում ենք ձեր բարդ, երբեմն նաեւ քաղաքացիական խիզախություն պահանջող աշխատանքը։ Համոզված եղեք, որ մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ ցանկացած, նորից եմ կրկնում, անշահախնդիր եւ սրտացավ հրապարակում արժանանում ու արժանանալու է համապատասխան ուշադրության, եւ դուք ձեր հրապարակումներով, ահազանգերով, բարձրաձայնած խնդիրներով օգնում եք իշխանությանը` զերծ մնալու սխալներից, ժամանակին կանխելու դրանք եւ չկորցնելու զգոնությունը։

Մաղթում եմ, որ նոր տարում դուք մեր երկրի ու ժողովրդի մասին մեծաքանակ ուրախալի լուրեր հաղորդելու առիթներ ունենաք։ Երբ աշխարհի որեւէ անկյունում դժբախտություն է պատահում, այդ մասին խոսում են բոլորը։ Որքան մեծ է դժբախտությունն, այնքան մեծ են արձագանքն ու լսարանը։ Ցանկանում եմ, որ 2010 թվականին մեծ լսարան ու արձագանք ապահովեն բացառիկ հաջողությունների մասին լուրերը, գիտական հայտնագործությունները, մարզական մեծ նվաճումները եւ այն ամենն, ինչը երջանիկ պահեր է նվիրում մարդկանց։

KAR_1057Մաղթում եմ, որ նոր տարում նաեւ ձեր եռանդուն ջանքերի շնորհիվ ունենանք քաղաքական ազատությունների, ժողովրդավարության եւ հանդուրժողականության այնպիսի մակարդակ, որ մեր լրագրողներից ու քաղաքացիներից մեծ համարձակություն չպահանջվի անկեղծ խոսք ասելու, որեւէ տեսակետ հնչեցնելու կամ լրագրողական հետաքննություն վարելու համար։

Կարծում եմ, որ 2009 թվականը արդյունավետ էր մեր լրատվական ողջ դաշտի համար: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, ովքեր տարվա ընթացքում լուսաբանել են Հանրապետության Նախագահի եւ Նախագահի աշխատակազմի գործունեությունը: Հանրագումարի բերելով տարվա ընթացքում արածը` ամբողջության մեջ հեշտ է նկատել, թե որքան ջանք ու ժամանակ է պահանջվել յուրաքանչյուրիցդ եւ ձեր գործընկերներից այդ ամենի համար:

Համոզված եմ, որ համագործակցելով, նաեւ հակադիր տեսակետները մատնացույց անելով՝ մենք առաջ ենք տանելու մեր երկիրն ու հասարակությունը եւ եկող՝ 2010 թվականը դառնալու է այդ առաջընթացի խոսուն վկան։

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ` Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2010թվականին լինեք ակտիվ, անաչառ եւ սկզբունքային:

Ի դեպ, Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորը կդիմավորի տանը, ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ միասին, ինչպես ընդունված է հայկական օջախներում:

Շնորհավոր Նոր տարի»


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն