Գլխավոր » Լրահոս, Վրաստան

Գրիգոլ Վաշաձե. Վրաստանը պատրաստ է քննարկել հայոց լեզվի կարգավիճակի հարցը

Սեպտեմբեր 4, 2009թ. 19:31

Այսօր Երևան է ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, որը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՀՀ նախագահի՝ հայերենը Վրաստանում տարածաշրջանային լեզու դարձնելու մտահղացման մասին առաջարկությունը։

«Գիտեք, բոլոր մտքերին, որոնք արտահայտվել են Հայաստանում և համապատասխանաբար նաև Վրաստանում, կողմերը վերաբերվում են հարգանքով և ուշադրությամբ։ Հայաստանի նախագահը չի ասել, որ լեզուն պետք է դարձնել տարածաշրջանային, նա ասել է, որ օգտակար կլինի այդ միտքը քննարկել։ Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած մտահղացումներ մեր հայ գործընկերների հետ, և, ցանկանում եմ ընդգծել, որ անկախ այն բանից, թե ինչ կարգավիճակ կունենա հայերենը Վրաստանում, հայկական ծագումով Վրաստանի քաղաքացիները պաշտպանված են, իրավահավասար, և իրենց իրավունքները պաշտպանված են Վրաստանում ապրող մյուս ազգերի քաղաքացիների հետ հավասար։ Եվ մեզ համար նրանք մեր պատմության և մշակույթի անքակտելի մասն են», – նշել է Վաշաձեն։

Նշենք, որ իրականում Սերժ Սարգսյանը նշել է, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Նախագահի ելույթում մեկ բառ անգամ չի ասվել «այդ միտքը քննարկելու» մասին, ինչպես դա ներկայացնում է Գրիգոլ Վաշաձեն: Ընդհակառակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ «այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային»:

ՀՀ նախագահի այս հայտարարությանն է անդրադարձել նաև Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլին, ցինիկաբար նկատելով. «Հայաստանը թող զբաղվի հայոց լեզուն Հայաստանում զարգացնելով… Մենք շատ ուրախ ենք, որ հայերենը Հայաստանի միակ պետական լեզուն է»,- փոխվարչապետի խոսքերը մեջբերում է Грузия Online-ը:

«Վրաստանը ժողովրդավարական երկիր է, և այստեղ պաշտպանվում են ազգային բոլոր փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի իրավունքները»,- հավելել է Յակոբաշվիլին:


Դիտել Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`