Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Հուշարձանների վերականգնում նոր փուլում

Դեկտեմբեր 28, 2009թ. 11:15

piliposyan2009-ի սեպտեմբերին կառավարության որոշմամբ ստեղծվեց հուշարձանների վերականգման կենտրոնը, որն արդեն 2010թ. փետրվար- մարտ ամիսներին կաշխատի լրիվ բեռնվածությամբ: Նորաստեղծ կենտրոնի աշխատանքներին է ծանոթացնում «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

-Ո՞րն է կենտրոնի ստեղծման նպատակը:

– Այդպիսի մի կազմակերպություն կար խորհրդային տարիներին. այն գործում էր նախարարների խորհրդին առընթեր: Կոմիտեն»  ուներ հուշարձանների  վերականգնման արվեստանոց` իր մասնաճյուղերով: 90-ականներին կազմակերպությունը լուծարվեց, սեփականաշնորհվեցին և օտարվեցին կենտրոնին պատկանող շենքերը: Ստեղծվեցին առանձին ՓԲԸ-ներ  Հայաստանի տարբեր մարզերում: Ֆինանսական սակավ ներդրումների հետևանքով աշխատանքները ընթանում էին ոչ մեծ ծավալներով: Կառավարությունում հասկացան, որ աշխատանքի այս ոճը փոշիացնում է ֆինանսական միջոցներն ու աշխատանքային ներուժը, բացի այդ, դժվարանում է վերահսկողությունը: Նորաստեղծ կենտրոնը իր ենթակայության տակ կառնի Վայքի, Զանգեզուրի, Գուգարքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում գտնվող վերականգնման արհեստանոցները:

-Որո՞նք են կենտրոնի  առաջնային խնդիրները:

-Համակարգման  և մասնագիտական աշխատանքների կտրուկ բարելավման  խնդիր կա: Եվ հետո, այս կենտրոնը միայն անշարժ հուշարձաններով չպիտի զբաղվի: Վերականգնել է պետք է ոչ միայն միջնադարյան  կամ վաղ շրջանի կանգուն հուշարձաններն ու  բնակավայրերը, քրիստոնեական կառույցները: Պետք է  ստեղծել համապարփակ մի կենտրոն, որը կզբաղվի մշակութային ժառանգության պահպանմամբ:

Այս առումով, առաջարկներն արդեն ներկայացված են նախարարություն և 2010թ արդեն ձեռնամուխ կլինենք այդ խնդիրների նախնական փուլի իրականացմանը:

Հուշարձանների անձնագրավորման եւ փաստաթղթավորման միջոցները հնացած են. պետք է  օգտագործվեն տեսագրման, լուսանկարահանման և այլ եղանակներ: Մեր սերունդներին միայն գրավոր խոսք չէ, որ պետք է թողնենք, այլ նաև այն պատկերը, որ ունենք այսօր: Եթե 100 տարի առաջ այս հնարավորությունները լինեին, մենք կունենայինք ամբողջ Արևմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարները և կարող էինք վերականգնել:

Իտալացիների հետ համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել. Հայաստանում բարեկարգելու են արվեստանոցները, ստեղծելու են դասարաններ, ուր ուսանելու են  մեր մասնագետները: Ուսուցումն ու վերաորակավորումը կտևեն 2 տարի: Դրանից հետո համապատասխան լիցենզիա չունեցող վարպետները իրավունք չեն ունենա աշխատելու այդ բնագավառում:

-Կենտրոնը կլուծի՞ պատմական Հայաստանի տարածքում  գտնվող պատմամշակութային արժեքների պահպանման խնդիրրը:

-Բանակցություններ ենք  սկսել նորվեգացիների հետ: Նրանք կողմ են, որ Նորվեգիան, Հայաստանը, Թուրքիան եռակողմ պայմանագիր ստորագրեն, որի համաձայն, Անիում մաքրման, վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: Նորվեգական կողմը շատ խանդավառված է այս հարցով, և երբ կենտրոնի իրավական կարգվիճակը վերջնականապես հաստատվի, ձեռնամուխ կլինենք լուրջ քայլերի:

Չեմ կարծում, որ խնդիրներ կունենանք Իրանի հետ, որի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք: Հուսով ենք,  որ այստեղ աշխատանքների որոշակի ծավալ կարող ենք իրականացնել:

-Ինչը չի կարելի ասել Թուրքիայի դեպքում…

– Վերջերս Անիում վերականգնված շինության պատուհանները ոչ թե կամարաձև են, այլ սրածայր: Պարզեցինք, որ ճարտարապետը քուրդ է: Տարաձայնություններ անշուշտ կլինեն: Բայց հենց Հայաստանին անդրադառնանք` ինչպես ենք պահում Կարմիր բլուրը, որը, իմ կարծիքով, աշխարհի 10 լավագույն հնագիտական հուշարձաններից մեկն է: Այնպես որ այստեղ էլ ուղղելու բան կա:

-Վերականգնողական աշխատանքներում առաջնությունը ո՞ր հուշարձաններին կտրվի:

-Դեռևս ճշտվում են ցուցակները, մասնագիտական հանձնաժողովը կքննարկի հարցը: Վերջին շրջանում մեր քաղաքի շինարարությունը ոտքի տակ առավ շատ հուշաձաններ:

Խորհրդային տարիներին շենքերի վրա ամրացված ցուցանակներին գրված էր, որ պատմամշակութային արժեք է և պահպանվում է պետության կողմից: Հատուկ որոշումով դրանք հանվեցին ու բազմաթիվ շենքեր քանդվեցին:

Մենք մեծ հույսեր ենք կապում  արտասահմանցի բարերարների  հետ: Արդեն առաջարկներ ունենք:

Եթե ճիշտ քայլեր կատարվեն, համոզված ենք, 5-10 տարի հետո կունենանք

մի կառույց, որը կզբաղվի ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի խնդիրներով:

Լիլիթ Պողոսյան


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն