Խաչիկ Գալստյան. «Եթե հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը շաղկապվեն` ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից»
«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում վերածվել է լուրջ գործոնի, քանի որ բոլոր հանգույցները հասնում են Հայաստան: 2009 թվականին վերականգնվեց նաև երկրի ներքին քաղաքական կայունությունը, ինչը շատ կարևոր էր»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Ինչպիսին կլինի 2010 թվականը. Խաչիկ Գալստյանի համոզմամբ, այն տքնաջան աշխատանքի տարի է լինելու:
Անդրադառնալով 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին` ասաց. «Հայ ժողովուրդը հայ–թուրքական հարբերություններից հաղթող է դուրս գալու: Գործընթացի ձախողման դեպքում` ստրատեգիական առավելություն, կոնսոլիդացիայի հսկայական ներուժ և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումն աշխարհին ներկայացնելու հնարավորություն եմ տեսնում, դրանով կհասնենք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որն էլ օրերի կամ ամիսների խնդիր կլինի»,- ասաց Խաչիկ Գալստյանը:
Անդրադառնալով հետարձանագրային փուլին` Խաչիկ Գալստյանն այն անվանեց դիվանգիտական փոխհրաձգության փուլ, որի ժամանակ Թուրքիայի վարչապետը խոստովանեց, որ արձանագրություններն առանց նախապայմանների են:
«Հայաստանի Հանրապետությունը կարողացավ միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունները և Արցախի հարցի կարգավորումը տարբեր հարցեր են: Եթե հետագայում լինեն ճնշումներ այս երկու հարցերի նույնացման նպատակով` մենք կպնդենք, որ մեր տեսակետները տարբեր են: Թուրքիան խելամիտ լինելու դեպքում կվավերացնի արձանագրությունները, քանի որ 2010 թվականին լրանում է Ցեղասպանության 95-ամյակը»,- հավելեց Խաչիկ Գալստյանը:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ քայլի կգնա ԲՀԿ-ն, եթե հայ-թուրքական հարբերությունների հաստատումը և Արցախի հարցի լուծումը շաղկապվեն` Խաչիկ Գալստյանն ասաց, որ հարկ եղած դեպքում դուրս կգան կոալիցիայից:
Արմենուհի Կարեյան












