Սամվել Նիկոյան. «Մեր նախագահն անցել է պատերազմի միջով, մինչդեռ Ալիևը պատերազմի մասին գիտի միայն գրքերից ու թերթերից»
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը
–Մի քանի օրից հրաժեշտ կտանք 2009թ–ին, որը լի էր բազմաթիվ իրադարձություններով։ Ինչպե՞ս եք գնատատում անցնող տարին. ի՞նչ նվաճումներ ունեցանք, բնականաբար, բացթողումներ ևս եղան, որո՞նք էին 2009-ի ձեռքբերումներն ու դժվարությունները։
-2009թ. կարևորագույն իրադարձությունը ՀՀ նախագահի նախաձեռնած` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր, որը բնութագրվեց իբրև համարձակ ու նախաձեռնողական քայլ։ Առաջին անգամ համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի ու Թուրքիայի միջև` հարաբերությունների նորմալացման համար։ Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի ստորագրված Արձանագրությունների ճակատագիրը, սակայն, հարկ է փաստել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ մեկ քայլ արված է։ Հայկական կողմի նախաձեռնությունը նպաստեց, որպեսզի միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությանը ճանաչի որպես հուսալի, պարտաճանաչ, պարտավորությունները կատարող գործընկեր, որը շատ կարևոր է երկրի միջազգային վարկանիշի համար։
Այսօր արձանագրությունների վավերացման ժամկետների հետ կապված շրջանառվում են տարաբնույթ կարծիքներ։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն իր վերջին ելույթում ասել է, թե վավերացման ժամկետի հարցում պետք չէ Թուրքիայի վրա ճնշում գործադրել, որովհետև սա գործընթաց է, որը զարգանալու, հասունանալու անհրաժեշտություն ունի։ Ես նորմալ եմ ընդունում նման մոտեցումը, որովհետև ինչպես թուրք, այնպես էլ հայ հասարակության մեջ, այս խնդրի շուրջ տարաբնույթ մոտեցումներ կան, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հասարակությունն ընդունի այդ ամենը։
Ամեն դեպքում՝ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կարգավորելու ճանապարհին արել է հնարավոր բոլոր քայլերը:
–Դուք հիշեցրիք Դավութօղլու խոսքը, բայց, արդյո՞ք, Թուրքիայի թիվ մեկ խնդիրը սեփական հասարակությանը նախապատրաստելն է: Չե՞ք կարծում, որ Թուրքիան ձգձգելով վավերացումը նպատակ ունի առավել զիջումներ կորզել Հայաստանից, մասնավորապես, Ղարաբաղյան հիմնահարցը շաղկապել հայ-թուրքական գործընթացով։
– Եթե Թուրքիան շարունակի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը շաղկապել ղարաբաղյան խնդրի հետ, ապա Հայաստանը հակադարձ քայլեր կկատարի, որի մասին ՀՀ նախագահն իր դիրքորոշումն արդել իսկ արտահայտել է։ Մյուս կողմից, այս խնդրում ժամկետային առումով պետք չէ կոնկրետ սահմաններ դնել, սակայն չպետք է նաև թույլ տալ, որ այն անցնի «ողջամիտ ժամկետի» սահմանագիծը։
– Իսկ ո՞րն է այդ սահմանագիծը, գուցե մինչև գարո՞ւն…
– Կոնկրետ ժամկետը կողմերի առաջ դրված չէ, սակայն կարծում եմ, որ մինչև գարուն այն պետք է որևէ լուծում ստանա։ Բայց, եթե որևէ մեկն ասի, որ գարնանը հնարավոր չէ, իսկ ամռանը հաստատ կվավերացվի, ի՞նչ է, մերժելո՞ւ ենք։ Ուզում եմ ասել, որ կարևորը գործընթացի զարգացումն է։
– Որքան էլ մենք ասում ենք, թե արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում, միևնույն է Թուրքիան անընդմեջ այն կապում է Ղարաբաղյան խնդրի հետ։
– Ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների հետ շաղկապելը Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունն է։ Բայց փաստն այն է, որ Արձանագրությունների մեջ որևէ նախապայմանի մասին խոսք չկա, ուստի այդ երկու գործընթացներն իրար հետ որևէ կերպ չեն կարող կապակցվել։ Եվ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է. Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշվելու դեպքում՝ կարող են վտանգվել և հայ-թուրքական հարաբերությունների, և ղարաբաղյան խնդրի լուծուման հետ կապված գործընթացները։
Այնպես որ՝ նրանք ասում են այն, ինչն իրենց շահերից է բխում, իրենք՝ իրենց խնդիրն են ուզում լուծել, մենք էլ՝ մեր խնդիրը պետք է լուծենք։ Կվավերացվի՞ համաձայնագիրը լավ, չի՞ վավերացվի՝ մենք ոչինչ չենք կորցնի։
–ՀՅԴ պատգամավորները հաճախ շեշտում են, որ եթե ՀՀ խորհրդարանում Արձանագրությունների վավերացումը տեղի ունենա փակ–գաղտնի քվեարկությամբ, ապա դրանք չեն վավերացվի: Ակնարկը հասկանալի է` նրանք կասկածում են, որ ճնշումներ կլինեն պատգամավորների վրա։
-Քաղաքական մեծամասնությունը, որի ամենաարտահայտված ներկայացուցիչը
ՀՀԿ-ն է՝ իր դիրքորոշումներում շատ հստակ է։ Երկրի նախագահը, որը նաև մեր կուսակցության նախագահն է, այս խնդրի հետ կապված ՀՀԿ-ում բաց քննարկումներ է անցկացրել։ Բոլորին հնարավորություն է տրվել արտահայտել սեփական կարծիքը: Պատասխան է տրվել բոլոր խնդիրներին, հարցերին, կասկածներին ու մոտեցումներին։ Նաև ասվել է, որ եթե որևէ մեկն այլ դիրքորոշում ունի, դա ևս նորմալ է ու ընդունելի։ Սակայն մեր կուսակիցները 100 տոկոսով պաշտպանում են երկրի նախագահի վարած արտաքին քաղաքականությունը։ Նույն դիրքորոշում ունեն նաև «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիր»-ը։ Ուստի քաղաքական մեծամասնությունը վճռական է, և այս հարցը տանելու է մինչև վերջ այնպես` ինչպես նշված է արձանագրություններում։ Ինչ վերաբերվում է դաշնակցականների հայտարարություններին, ապա տվյալ քաղաքական ուժն ունի իր սեփական տեսակետներն ու լիովին ազատ արտահայտում է իր կարծիքները, դա նրանց իրավունքն է։ Այդ կարծիքը կարող է իրականության հետ նաև կապ չունենալ. կնշանակի դա ընդամենը քարոզչական տեխնոլոգիա է։
–Արտաքին քաղաքական դաշտում բուռն զարգացումներն ակնառու էին, մինչդեռ նույնը չի կարելի ասել տնտեսության ոլորտում, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ի՞նչ աշխատանքներ կատարվեցին՝ այն մեղմելու ուղղությամբ։
– ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը կարողացան այս խնդրում համատեղ աշխատել։ ԱԺ-ն կառավարությանը տվեց օրենսդրական հնարավոր բոլոր լծակները, որոնցով կառավարությունը կարողացավ արագ որոշումներ կայացնել ու իրականացնել դրանք։ Տնտեսական ճգնաժամի փոփոխությունների դինամիկան շատ արագ էր տեղի ունենում, ուստի որևիցե մեկը տնտեսական կանխատեսումներ չէր կարող անել։ Դրա համար կառավարությանը պետք էր տալ նաև լիազորություններ ու հնարավորություններ, որպեսզի վերջինս կարողանար արագ արձագանքել այդ փոփոխություններին, ինչը և արվեց։ Խորհրդարանի կողմից հավանության արժանացավ ՀՀ Կառավարության ներկայացրած հակաճգնաժամային ծրագիրը։ Այդ ծրագրի իրականացմամբ պահպանվեցին բոլոր սոցիալական ծախսերը: Բացի այդ, հնարավոր եղավ ֆինանսավորել տնտեսության համակարգաստեղծ ճյուղերը, դրանով իսկ նվազեցնելով աշխատատեղերի կրճատումը։
Կարծում եմ, կայունացման այն նախանշանները, որ միջազգային տնտեսական համակարգում երևում են, հույս է ներշնչում, որ 2010թ. տնտեսության մեջ կայունացման գործընթաց կսկսվի։ ՀՀ-ն միջազգային ճգնաժամի ոչ առաջացնողն էր, ոչ էլ՝ դրա դադարեցնողը կարող է լինել։ Մենք միջազգային տնտեսական ճգնաժամը մեզ վրա կրողն ենք` ընդամենը։ Մեր տնտեսական քաղաքականությամբ մենք կարող ենք ուղղակի այնպես անել, որ ճգնաժամը մեր երկրի համար հնարավորինս մեղմ լինի։
–ՀՀ կառավարությունը տարեսկզբին ասում էր, որ ճգնաժամը մեր վրա չի ազդի, և որ Հայաստանը կշրջանցի այն, բայց տարվա կեսից տեսակետը փոխվեց, ի՞նչ տեղի ունեցավ։
-Խնդրին այն է, որ անընդհատ փոփոխվող իրավիճակներում որևէ մեկը տնտեսական կանխատեսումներ չէր կարող անել։ Այսօր` միջազգային ֆինանսատնտեսական կառույցների կողմից արվող բոլոր կանխատեսումները ևս 1-2 ամսվա ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել։ Այդ իսկ պատճառով բոլոր կանխատեսումները, այդ թվում նաև մեր կառավարության, կարող են սխալ լինել։
–Ի ՞նչ սպասելիքներ ունենանք 2010թ–ից. ինչպիսի՞ն կլինի քաղաքական տարին, ինչպիսի՞ն կլինի մեր տնտեսության վիճակը հաջորդ տարում։
-Կարծում եմ, որ 2010թ., տնտեսական առումով, ավելի բարվոք է լինելու, քան 2009-ը, տնտեսական անկման փոխարեն տնտեսական փոքր աճի հնարավորություն ենք ունենալու։
Ներքաղաքական առումով` հաջորդ տարին կլինի բավականին հանգիստ ու բարենպաստ։ Արտաքին քաղաքականության բնագավառում ևս փոփոխություններ կլինեն։ Հնարավոր է, որ 2010թ. լուծումների տարի լինի հայ-թուրքական հարաբերություններում, չեմ բացառում նաև` ղարաբաղյան խնդրում։ Իհարկե, եթե Ադրբեջանի նախագահը շարունակի իր ներկայիս կեցվածքն ու հայտարարի, թե Ղարաբաղի ինքնորոշումը կարող է լինել միայն Ադրբեջանի կազմում, ինչը ծիծաղելի է, ապա նման իրավիճակում որևէ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող։ Կարծում եմ, որ ադրբեջանցիները կամաց-կամաց համակերպվում են այն ընկալման հետ, որը կա և ընդունելի է նաև միջազգային հանրության կողմից, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, այստեղ կարևորն այն է, որ ՀՀ-ն Թուրքիային հնարավորություն է տվել, որպեսզի վերջինս ապացուցի աշխարհին, որ ինքը Եվրամիություն ձգտող, եվրոպական արժեքներ կրող երկիր է: Հայաստանը նաև աշխարհին հնարավորություն տվեց, որ գնահատեն՝ Թուրքիան, իրո՞ք, եվրոպական արժեքներ կրող երկիր է, թե՞ հակառակը։ Հայ-թուրքական հարաբերությունները լակմուսի այն թուղթն է, որով Թուրքիան աշխարհին պետք է ապացուցի այս ամենը։
–Հնարավոր համարո՞ւմ եք Արձանագրությունների չվավերացում։
-Դա կլինի այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի պնդել ու Ղարաբաղի խնդրի հետ կապել Արձանագրությունների վավերացումը` պահանջելով խնդրի ադրբեջանամետ լուծում: Այդ դեպքում Թուրքիան ինքը կվնասի և’ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և’ ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացներին։
–Ադրբեջանը վերջերս ավելի հաճախ է հնչեցնում ռազմատենչ հայտարարություններ: Ինչպե՞ս եք մեկնաբանում երևույթը:
-Պատերազմներն անխուսափելի են և չի կարելի դրանք բացառել։ Ով էր մտածում, որ ռուս-վրացական պատերազմ կլինի, բայց՝ եղավ։ Մենք մտածո՞ւմ էինք, որ Ադրբեջանը պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ: Այսինքն՝ ամեն ինչ հնարավոր է, և եթե ուզում ես խաղաղ ապրել, պետք է միշտ պատրաստ լինես պատերազմին. սա խաղաղ ապրելու բանաձևն է։ Ինչ վերաբերվում է ադրբեջանցիների ռազմատենչ հայտարարություններին, դրանք օգտագործվում են և ներքին, և արտաքին սպառման համար։Նրանք դա որպես շանտաժ են օգտագործում միջնորդների, միջազգային կազմակերպությունների, նաև Հայաստանի դեմ, որպեսզի զիջումներ կորզեն։
Իհլամ Ալիևը, եթե այդքան ռազմատենչ էր` իրեն կարող էր «ցույց տալ» ղարաբաղյան պատերազմում` մասնակցելով պատերազմին։ Իսկ Հայաստանի նախագահն անցել է այդ պատերազմի միջով՝ եղել շարքային զինվոր, ապա գերագույն գլխավոր հրամանատար։ Պատերազմի արհավիրքներն ու դրա գինը մեր նախագահը շատ լավ գիտի: Մինչդեռ Ալիևը պատերազմի մասին գիտի միայն գրքերից ու թերթերից: Ուստի նրա «ռազմատենչությունը» մեզ վախեցնել չի կարող։
-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին Նոր տարվա և Սբ. Ծննդյան տոների նախաշեմին։
-Առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, մեր ժողովրդին. յուրաքանչյուր հայկական ընտանիքում թող խաղաղությունն ու համերշխությունը թևածի: Թող մեր ժողովուրդը լինի առողջ, հաջողակ ու ապրի բարեկեցիկ կյանքով:
Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի
ArmAr.am












