Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Արտաքին քաղաքականության շուրջ քննարկել են «Սիվիլիթասում»

Դեկտեմբեր 28, 2009թ. 18:57

Oskanyan01Սիվիլիթաս հիմնադրամը, որը ղեկավարում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, դեկտեմբերի 28-ին հանրությանն է ներկայացրել իր տարեկան երկրորդ զեկույցը` «Հայաստան 2009. Խոստում եւ իրականություն» վերնագրով:

Քննարկման հիմնական բանախոսներն էին Վարդան Օսկանյանը, ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Վարդան Օսկանյան. «Բնական է, որ իշխանությունը միշտ էլ փորձում է իրականությունը դրական լույսի ներքո ներկայացնել: Բայց, նախկինում իրականության ու խոսքի տարբերությունն այնքան չէր, որքան անցնող տարում: Երբ աղավաղվում է խոսքն ու գործը, փասtն ու ներկայացվածը, դա բացասական է ազդում եւ ներքաղաքական գործընթացների վրա, եւ նաեւ արտաքին հարաբերությունների վրա: Երկրորդ տենդենցը, որ այս տարի ինձ համար նկատելի էր, այն է, որ կարծես թե Հայաստանը անկախացել է 2008 թվականի փետրվարին կամ ապրիլին: Այսինքն, կարծես թե, ինստիտուցիոնալ հիշողություն չկա, անցյալի փորձը չկա»,- վրդովված նկատում է նախկին ԱԳ նախարարը:

Նրա համար անհասկանալի է  իշխանության այն թեզը, թե` սխալվելուց չպետք է վախենալ, այլ պետք է վախենալ գործ չանելուց: «Սա վտանգավոր կարող է լինել հասարակության hամար, հասարակություն կարող է սխալը օրինաչափություն ընկալել: Մինչդեռ մեր պատմության ընթացքում մենք բավական փորձ ենք ձեռք բերել` այսօր չսխալվելու համար: Ներկայումս Հայաստանն ունի այնպիսի գործիչների կարիք, որոնք համարձակ կգործեն եւ կգործեն ճիշտ: Սա է այսօր մեր խնդիրը: 17-18 տարվա անկախ պետություն ենք, մեծ փորձություններով ենք անցել, եկել է պահը, որ այդ փորձի վրա հիմնվելով, կարողանանք ճիշտ քայլեր անել, այս երկիրը տանել ճիշտ ճանապարհով»:

Լեւոն Բարխուդարյանն անդրադարձել է տնտեսական գործընթացներին. «Ճգնաժամը բացահայտեց Հայաստանի տնտեսության խոցելի կողմերը, իսկ կառավարությունն էլ հակաճգնաժամային քայլերի առումով` հաճախ ուշացած էր գործում»:

Հովհաննես Իգիթյան.«Արտաքին քաղաքական բարդությունները ներքին վիճակի հետեւանք են: Ցավոք, մեկ տարի անց էլ իրավիճակը երկրում չի փոխվել: Չի կարելի այս ձեւով դուրս գալ միջազգային ասպարեզ, իսկ մենք չենք կարող դուրս չգալ, որովհետեւ ունենք առնվազն մեկ խնդիր` Լեռնային Ղարաբաղի հետ կապված պրոբլեմ, մյուսը մեզ պարտադրվել է`  հայ-թուրքական հարաբերությունները»:

Վարդան Օսկանյանն ասել է, թե. «Մենք ուզում ենք հայ-թուրքական սահմանը բաց տեսնել» և որ 10 տարի շարունակ ինքն աշխատել է այդ ուղղությամբ: «Բայց ես ուզում եմ, որ սահմանն այսօր բացվի այնպիսի հիմքերով, որ ապահովի կայուն հարաբերություններ երկու երկրների միջև,  որ դա լինի երկարաժամկետ, որ  մենք փոխադարձաբար կարողանանք իրար վստահել: Այսօր այս արձանագրությունները շատ ավելի բարդացրել են մեր հարաբերությունները: Հարցերի քննարկման բնույթն է փոխվել: Եթե նախկինում թուրքերը ժխտողականության դիրքերում էին, հիմա դրա անհրաժեշտությունը չունեն, արդեն վկայակոչում են հանձնաժողովը, այսինքն, իրենց վրայից թոթափել են այդ մեղքը, իսկ մենք դրա դիմաց ոչինչ չենք ստացել»:

ՀՅԴ ներկաայցուցիչ Արծվիկ Մինասյանը  հարցրել է, թե նրանք կոնկրետ ինչ լուծում են առաջարկում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելու համար:  Հովհաննես Իգիթյանը ասել է. «Լուծում եմ առաջարկում: Այսօր վավերացնել- չվավերացնելով գործընթացը չի կանգնում կամ առաջ չի գնում, եւ չի լուծվում խնդիրը: Խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ աշխարհը վերջապես իմանա, թե Հայաստանի ժողովուրդը ինչ է ուզում, մենք թուրքերից ինչ ենք ուզում, կամ այս գործընթացը ինչ սպասելիքներ ունենք»: Նրա խոսքով, եթե մենք ներքին ժողովրդավարության հարցում առաջընթաց ունենանք, այն ժամանակ կարող ենք աշխարհի համար հստակ եւ ազդեցիկ խոսել:

Ի պատասխան հարցին Վարդան Օսկանյանն ասել է. «Ես կասկած չունեմ, որ ցանկացած պահի, եթե մենք կարողանանք մեր մտավոր կարողությունը ներդնել եւ քննարկել այդ հարցը, ելք կգտնենք: Եվ այս բարդ իրավիճակը` մեր դեմ աշխատող իրավիճակը, կարող ենք ամբողջությամբ շրջել հօգուտ մեզ: Նման պահեր եղել է մեր պատմության մեջ անցյալում էլ, նորագույն պատմության մեջ էլ: Մենք չգիտենք` Էրդողանը Օբամայի հետ ինչ է խոսում, մենք չգիտենք թուրքական դիվանագիտությունն այսօր ի՞նչ է անում: Կարող ենք ենթադրել եւ հավատացնեմ, որ ինչ- որ անում են մեր օգտին չէ: Եվրոպայում այսօր ճիշտ ընկալման խնդիր կա, նրանք համարում են, որ տարածքների վերադարձի հարցը լուծված է, փաթեթի մաս է, առանց դրա հայ-թուրքական սահմանը չի բացվի, եւ բոլորը սպասում են, որ այնտեղ ինչ որ քայլեր պետք է արվեն: Երկրորդ ընկալումը այն է, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակներում:    Երրորդն այն է, որ Թուրքիայի ձեռքից մենք պետք է կարողանանք նախաձեռնությունը վերցնե»,- ասում է Վարդան Օսկանյանը:

Վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը նշել է, թե Հայաստանի քաղաքական դաշտում ներկայումս իրավիճակը փակուղային է, վակուումային, քանի որ Հայ ազգային կոնգրեսը կողմ է հայ-թուրքական գործընթացին, դեմ` Սերժ Սարգսյանին, իսկ Դաշնակցությունն էլ հակառակը` կողմ է Սերժ Սարգսյանին, դեմ` հայ-թուրքական գործընթացին: « 2010 թվականին պետք է ձեւավորել նոր հասարակական-քաղաքական շարժում, որը խորհրդարանի ընտրության միջոցով կկարողանա փոխել իրավիճակը երկրում, այլապես առկա իրավիճակը հնարավորություն է տալիս ներկայիս իշխանական համակարգի տասնամյակների տեւողություն ապահովել»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն