Որքա՞ն վճարել ձմեռ պապիկին, որ մեր մանուկների ձմեռային հեքիաթը երբեք ավարտ չունենա…
Երեխայի համար ամանորյա անակնկալները լիարժեք դարձնելու համար ծնողները փորձում են ձմեռ պապի ու ձյունանուշի հեքիաթը գոնե մի քանի ակնթարթ իրականություն դարձնել:
Եվ ահա ծնողական այս մե~ծ ցանկությունն էլ պատճառ դարձավ, որ մեզանում ձմեռ պապ-ձյունանուշների հեքիաթը վերածվի մի յուրօրինակ բիզնեսի:
Այս տարի մեր աչքից չվրիպեց այն փաստը, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Հանրապետության գլխավոր հրապարակում կարելի էր հանդիպել ձմեռպապ-ձյունանուշների «հոծ բազմությանը», ապա այսօր` նրանք բացակայում են, իսկ տոնական անցուդարձին ուշիուշով հետևում է հրապարակի միակ ձմեռ պապը:
Երևանի գլխավոր տոնածառի միակ «տերն ու տնօրենը», շատ զգուշավոր էր մեզ հետ զրույցում: Անգամ խուսափեց ու գործընկեր-ձմեռպապիկների տեղն ասել չցանկացավ: Ո՞ւր են անհայտացել մի քանի տասնյակ ձմեռպապերն այս տարի: Պարզեցինք, որ նրանց բացակայության պատճառն, ամենևին էլ, արևշող ու տաք եղանակը չէ. Իսկ պատճառը շատ ավելի լուրջ է:
Պարզվում է, որ նախորդ տարիներին մեր երիտասարդ ձմեռ պապերը, մոռանալով իրենց իրական դերը, թերևս մի քիչ էլ գինովցած` իրենց, մեղմ ասած, ձմեռ պապիկին վայել չեն պահել: Հրապարակում կարելի էր հադիպել, օրինակ, ծխախոտը բերանին կամ օղու շիշը ձեռքներին ձմեռ պապերի: Ծնողների դժգոհությունն էլ իր դերն ունեցավ, ու քաղաքային իշխանությունները որոշեցին այս տարի արգելել նրանց առատ ներկայությունը Հանրապետության հրապարակում:
Բայց էլ ի՞նչ տոն, առանց ձնեռ պապի ու ձյունանուշի: Որքան էլ նրանց թիվը կրճատվի, միևնույն է` նրանք ողջ ամանորի ընթացքում մեզ հետ են լինելու: Մինչ մեր փոքիկները կշարունակեն իրենց ձմեռային հեքիաթները հյուսել, մեր ծնողներին առավելապես հետաքրքրում է իրականությունը. ի՞նչ արժեն «ձմեռ պապերը», և ունե՞ն մեր ծնողները ֆինանսական անհրաժեշտ հնարավորություն` իրենց փոքրիկների ձմեռային հեքիաթը` մի քանի ակնթարթով իրականություն դարձնելու համար:
Եվ այսպես. Հանրապետության հրապարակում Ձմեռ պապի հետ` սեփական լուսանկարչական ապարատով նկարվելն արժե 300 դրամ,իսկ լուսանկարչի «աջակցությամբ»` 500 դրամ: Չնայած հրապարակի մինուճար Ձմեռ պապը ձյունանուշին ու նվերներով լի պարկը «մոռացել» է Լապլանդիայում, բայց և այնպես, չի հրաժարվում անձամբ այցելել ցանկացողների բնակարանները և ուրախացնել մանուկներին: Ի գիտություն սիրելի ծնողներին` ձմեռ պապի` մեկ այցի արժեքը 15 000 դրամ է: Ու քանի որ մեր ձմեռ պապը պետք է հասցնի այցելել բոլոր մանուկներին, նա ձեր տանը կհյուրընկալի ընդամենը մի քանի րոպե…Եվ ուրեմն, 15 000 դրամ, ընդամենը` մի քանի րոպեի դիմաց: Լավ է, թե վատ` կորոշի ձեր գրպանի պարունակությունը:
Իսկ եթե շատ եք ցանկանում, որ ձեր փոքրիկը մի քիչ ավել վայելի ձմեռ պապի ներկայությունը, ուրեմն, թափ տվեք ձեր գրպաններն ու 50 000 դրամ վճարելով` գիշերը ժամը 12-ին դարձրեք նրան ձեր տան սպասված հյուրը:
Ի դեպ, կենացները թանկանում են, երբ ձմեռ պապիկին միանում է իր սիրելի թոռնուհին` ձյունանուշը: Նման այցերն անցնում են 70 000 դրամի շեմն ու մոտենում 100 000-ին:
Դե ինչ, մեզ մնում է Ամանորի շեմին` բազմաթիվ բարեմաղթանքների հետ միաժամանակ, մեր հայ ծնողներին ցանկանալ ֆինանսական մեծ հաջողություններ, որպեսզի հայ մանուկների ձմեռային պայծառ ու գունագեղ հեքիաթը երբեք ավարտ չունենա…
Լիլիթ Պողոսյան
ArmAr.am












