Թուրք մտավորականները դիմել են ՀՀ նախագահին
Աջակցություն հայ գրողին. Այս վերտառությամբ հրապարակված տեղեկատվությունում թուրքական «Sabah» օրաթերթը հայտնում է, որ 30 թուրք մտավորականներ նամակով դիմել են Հայաստանի Հանրապտության նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ նամակով թուրք մտավորականները խնդրում են ներում շնորհել և ազատ արձակել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված և 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանին:
«Հավատում ենք, որ կօգնեք մեր ընկերոջը վերադառնալ իր ժողովրդի գիրկը»,- ասված է նամակում: Տեղեկացվում է նաև, որ այդ նամակի տակ ստորագրել է հրատարակիչ, առաջադեմ մտավորական Ռագըփ Զարաքոլուն, ով Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքեր է հրապարակել:
Հիշեցնենք, որ Ցեղասպանության 90 ամյա տարելիցի կապակցությամբ Զարաքոլուն դիմելով իր հայրենակիցներին ասել է. «Յուրաքանչյուր ոք պետք է կատարի իր պարտականությունը` մաքրագործվելու այդ ոճիրից: Պետք է միաժամանակ դուրս մղել ատելությունը հայ սերունդների սրտերից, որոնք լի են այդ ցավով: Պետք է գտնել մի տեղ, ծաղիկ դնել և ասել. ձեր վիշտը նաև մերն է»:
ArmAr.am












