Արտահերթ նիստ` ԼՂՀ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է պատգամավորների նախաձեռնությամբ, ԱԺ նախագահի դեկտեմբերի 28-ին ստորագրած որոշմամբ՝ համաձայն ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի, նախաձեռնողների սահմանած օրակարգով։
Նիստը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նիստին ներկա էին կառավարության անդամները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։
Բացելով նիստը՝ ԱԺ նախագահը հաղորդեց, որ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը ստորագրել է՝ հիմք ընդունելով պատգամավորների պահանջվող թվով ստորագրություններով ներկայացված ձևաթուղթը։
Բացի «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծից, որի քննարկումները, համաձայն կանոնակարգի պահանջի, առնվազն չորս օրով ընդմիջվել էին ԱԺ դեկտեմբերի 23-ի լիագումար նիստում, արտահերթ նիստի օրակարգը ներառում է նաև «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚» ԼՂՀ օրենքի նախագծի մասին հարցը։
Խորհրդարանը, նախ, հաստատելով 9-րդ նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և՝ նիստի օրակարգը, ձեռնամուխ եղավ առաջարկված հարցերի քննարկմանը։
«ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակի ներկայացմամբ նիստում, կառավարության լիազորմամբ, հանդես եկավ ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։ Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում, նշեց նա, ամբողջությամբ ապահովվել է 2009թ. պետական բյուջեով նախատեսված թոշակների, կենսաթոշակների, նպաստների, միանվագ օգնությունների և աշխատավարձերի վճարումները, միևնույն ժամանակ՝ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի մինչև տարվա վերջ ֆինանսավորվեն հիմնավոր ճանաչված բոլոր հայտերը։ Նախարարի հաղորդմամբ՝ ԱԺ դեկտեմբերի 23-ի լիագումար նիստից հետո պատգամավորական լրացուցիչ առաջարկություններ կառավարություն մուտք չեն գործել, ուստի գործադիր իշխանությունը, ամփոփելով նախորդ քննարկումների, ինչպես նաև ստացված հարցադրումների արդյունքները, ըստ առկա առաջարկությունների որոշ փոփոխություններ է կատարել բյուջեում։ Ներկայացնելով դրանք, նա հայտնեց, որ եկամուտների գծով նախատեսվում է 1 մլրդ դրամի ավելացում, այդ թվում՝ հարկային եկամուտների և պետական տուրք հոդվածում՝ 650 մլն դրամի չափով, ինչպես նաև ոչ հարկային եկամուտներ՝ 350 մլն դրամի չափով։ Ըստ առանձին կառույցների և ծրագրերի՝ որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև ծախսային մասը։ Արդյունքում՝ այն կկազմի 59 մլրդ 879 մլն 737 հազար դրամ։ Դեֆիցիտն ավելանում է 33 մլն 529.5 հազ դրամով, ընդհանուր առմամբ կազմելով 3 մլրդ 673.9 մլն դրամ։
Նիստում լսվեցին նաև պատգամավորական խումբ-խմբակցությունների տեսակետները բյուջերի նախագծի վերաբերյալ, որոնք երկայացրին ՙԱրցախատուն՚ պատգամավորական խմբի ղեկավար Գարիկ Գրիգորյանը, «ՀՅԴ-«Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, «Ժողովրդավարություն» խմբակցության քարտուղար Վահրամ Աթանեսյանը և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ հայտարարելով, որ 2010թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդհանուր առմամբ դրական են գնահատում։
Քանզի այլ տեսակետներ չհնչեցին նիստում, ուստի հետևեց քվեարկությունը, որի արդյունքում խորհրդարանը 28 կողմ և 1 ձեռնպահ ձայներով (դեմ չկար) ընդունեց օրենքը։
Հայտարարելով, որ «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքն ընդունված է, ինչի շնորհիվ կառավարությունը կարող է գալիք տարին սկսել արդեն ընդունված բյուջեով, ԱԺ նախագահը պատգամավորական կազմի անունից այդ կապակցությամբ շնորհավորեց և հաջողություններ մաղթեց կառավարությանը։
Նիստում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ Շնորհավորելով ներկաներին բյուջեի ընդունման առթիվ, վարչապետը նշեց, որ դա Ազգային ժողովի կողմից կառավարությանը վստահության արտահայտություն է, ինչը թույլ է տալիս շարունակել այն ծրագիրը, որը կառավարությունը որդեգրել է ձևավորման պահին։ Պատգամավորական կազմին շնորհակալություն հայտնելով այդ վստահության համար, նա հույս հայտնեց, որ, չնայած գալիք տարին նույնպես ծանր է լինելու, սակայն կառավարությունը պատվով կհաղթահարի հնարավոր դժվարությունները և կարձանագրի տնտեսական աճ, հանրապետության բնակչության դրամական եկամուտների ավելացում և ընդհանուր բարեկեցության բարձրացում։ Խոսքի ավարտին վարչապետը կառավարության անունից նիստի մասնակիցներին շնորհավորեց առաջիկա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Իր հերթին՝ կառավարությանը փոխադարձելով Ազգային ժողովի տոնական շնորհավորանքները, խորհրդարանի նախագահը ցանկություն հայտնեց, որպեսզի հետայսու ևս շարունակվի այն ստեղծագործ աշխատանքը, որ համատեղ ուժերով իրականացվում է՝ ի բարօրություն երկրի։ ՙԱնցնող տարին, նշեց նա, ցույց տվեց, որ միայն համատեղ ուժերով, միայն ներքին համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտում և բոլորիս հնարավորությունների մեկտեղմամբ կարելի է դիմակայել և արտաքին, և ներքին մարտահրավերներին»։
Նիստն այնուհետև ձեռնամուխ եղավ օրակարգի երկրորդ հարցի «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով օրինագիծը, սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը հաղորդեց, որ համաձայն գործող օրենքի 17-րդ և 21-րդ հոդվածների՝ սկսած 2010թ. հունվարի 1-ից քաղաքացիական ծառայողին վճարումները պետք է իրականացվեն անկանխիկ, նրանց հայեցողությամբ՝ չեկերով կամ նրանց նշած բանկային հաշվին դրամական փոխանցմամբ։ Սակայն, նշեց նա, հաշվի առնելով, որ հանրապետությունում այդ համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, իսկ շրջաններում բացակայում են սպասարկումը բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտ պայմանները, օրինագծով առաջարկվում է մինչև 2011թ. հունվարի 1-ը հետաձգել անցումը վճարումների այդ ձևին։
Հարցի առնչությամբ դրական էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գարիկ Գրիգորյան) եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։
Նիստի ավարտին ԱԺ նախագահը հակիրճ ամփոփեց 9-րդ նստաշրջանի աշխատանքները։ Նախքան այդ, խորհրդարանի նախագահը նշեց, որ նախօրյակին՝ դեկտեմբերի 28-ին, լրացել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 18¬րդ տարեդարձը։ Անշուշտ, ասաց նա, անգնահատելի է այդ պատմական իրադարձության նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես անկախ, ինքնիշխան պետության, կայացման, միջազգային վարկանիշի ձևավորման, ԼՂՀ օրենսդրության ստեղծման, երկրում պառլամենտարիզմի ավանդույթների սկզբնավորման զարգացման գործում։ ԱԺ նախագահը տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց ժողովրդին, ԼՂՀ առաջին ժողովրդական ընտրյալներին, նրանց իրավահաջորդներին՝ երկրորդ, երրորդ և ներկայիս չորրորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին, մաղթեց ամենայն բարիք, նոր հաջողություններ՝ համազգային իղձերի ու նպատակների իրականացման ճանապարհին։
Անդրադառնալով նստաշրջանի արդյունքներին, ԱԺ նախագահը հաղորդեց, որ գումարվել են 5 լիագումար նիստեր, շրջանառության էին դրված ընդհանուր առմամբ 26 օրինագիծ և ծրագիր, 4 օրինագիծ տեղափոխվել է հաջորդ նստաշրջան, 1-ը հանվել է շրջանառությունից, ընդունվել է 17 օրենք։ Այդ պահի դրությամբ հանրապետության նախագահի կողմից օրենքի ոչ մի նախագիծ չի վերադարձվել խորհրդարան։ Բացի այդ, նստաշրջանում, համաձայն կանոնակարգային պահանջների, քննարկվել և ի գիտություն են ընդունվել կամ հաստատվել են մի շարք հաշվետվություններ, տեղեկատվություններ, տարեկան ծրագրեր։ Նստաշրջանի ընթացքում արձանագրվել է միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խորացմանը և հաստատմանն ուղղված ավելի ակտիվ գործունեություն՝ կապված հոկտեմբերի վերջերին-նոյեմբերի սկզբներին նաև ԱԺ պատգամավորներից կազմված պատվիրակության՝ Ֆրանսիա և Ռուսաստան կատարած այցերի, դեկտեմբերի 15-ին Երևանում կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի հետ։
Խոսելով խորհրդարանի ծավալած քաղաքական գործունեության մասին, ԱԺ նախագահը նշեց, որ ավարտվող նստաշրջանում ևս պատգամավորական կազմը փորձել է հետևել երկրի զարկերակին, առավելապես՝ այն արտաքին քաղաքական մարտահրավերներին, որոնք նախորդ ամիսներին ավելի ակտիվ հունի մեջ էին մտել։
Հավարտ իր խոսքի, ԱԺ նախագահը գործընկերներին շնորհավորեց առաջիկա տոների կապակցությամբ, հույս հայտնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո պատգամավորները կվերադառնան նոր լիցք ու եռանդ ստացած՝ ձեռնամուխ լինելով 10-րդ նստաշրջանի օրենսդրական գործունեությանը։
Խորհրդարանի նախագահն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեց նաև ԱԺ աշխատակազմի անդամներին, Ազգային ժողովի գործունեությունը լուսաբանող լրագրողներին։
ԱԺ 9-րդ նստաշրջանի վերջին նիստը, համաձայն կանոնակարգով սահմանված ընթացակարգի, ավարտվեց ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն












