Ուխտագնացություն Չինսուրա (Հնդկաստան)
Հունվարի 10-ը Չինսուրայի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրն էր:
Կալկաթայի հայ համայնքը` մասնակցությամբ ճեմարանի սաների և ուսուցիչների, ուխտի գնաց Կալկաթայից 65 կմ հեռավորության վրա գտնվող վերոհիշյալ եկեղեցին:
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում գտնվող Չինսուրա (Չիչրա) բնակավայրը ժամանակին եղել է նշանավոր առևտրային կենտրոն: 1695թ. կառուցած Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին համարվում է Բենգալիայում կառուցված երկրորդ հնագույն քրիստոնեական եկեղեցին, իսկ Հնդկաստանի հայ գաղութի կանգուն եկեղեցիների շարքում` առաջինը:
Եկեղեցու տարածքում գտնվող հնագույն գերեզմանատանը պահպանվել է հայատառ 180 գերեզմանաքար:
Կալկաթայի Ս. Նազարեթ Մայր եկեղեցում պահվող Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը տարին մեկ անգամ է դուրս բերվում` Սրբի ուխտի օրը:
Օրվա պատարագիչն էր Հնդկահայոց հոգևոր հովիվ Հայր Խորեն Հովհաննիսյանը: Հընթացս պատարագի Հայր Խորենը Ս. Հովհաննես Մկրտչի Ոսկե Աջով օրհնեց ներկաներին և իր պատգամը փոխանցեց հավատացյալ հայորդիներին:
Ուխտագնացությունը հոգևոր վերանորոգության և վերազարթոնքի առիթ եղավ հնդկահայերի համար:
ArmAr.am












