Ուկրաինայում նախագահական ընտրարշավը մեծ թափ է հավաքում
Ուկրաինայում նախագահական ընտրություններին մնացել է մեկ շաբաթից քիչ ժամանակ: Համաժողովրդական քվեարկությունը կկայանա հունվարի 17-ին:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, քարոզարշավն ավելի մեծ թափ է հավաքում: Թեկնածուները փորձում են ստանալ այն քաղաքացիների ձայները, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ցանկանում տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի գլխավոր պաշտոնին հավակնում է 18 թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Հիմնական պայքարը, ինչպես դա կանխատեսում էին վերլուծաբանները, ծավալվել է վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի միջև: Սոցհարցումների տվյալներով, այսօրվա դրությամբ կառավարության ղեկավարն իր մրցակցին զիջում է շուրջ 15 %-ով:
Դիտորդների խոսքով, թեկնածուների նախընտրական պայքարն անցնում է շատ ավելի հանգիստ, քան նախորդ ընտրությունների ժամանակ:
Արդեն պատրաստ են 37 մլն ընտրաթերթիկներ, որոնք ունեն պաշտպանության շատ բարձր մակարդակ, և դրանց կեղծումը գրեթե անհնար է:
ArmAr.am












