Շվեյցարիան փչացրեց Թուրքիայի՝ Եվրամիության երազանքը
Հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը «Hurriyet» թերթում ամփոփելով և գնահատելով անցնող 2009 թվականը, առավել նշանակալից իրադարձությունների շարքում հատկապես առանձնացրել է մինարեթների հարցով Շվեյցարիայում անցկացված հանրաքվեն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հոդվածը որոշ կրճատումներով.
«Շվեյցարիան իր 7.6 մլն ազգաբնակչությամբ գտնվում է Եվրոպայի սրտում: Շվեյցարիացիների հիմնական մտահոգությունն իրենց ձեռք բերած բարեկեցությունը կորցնելու վախն է և շրջակա միջավայրի խնդիրները: Նրանք շատ հանգիստ ու հաճելի մարդիկ են, ովքեր գրկաբաց են ընդունում երկրին արտարժույթ բերող օտարերկրացիներին»:
«Այս հասարակությունն ամենաքիչն անհանգստացած է 400 հազ մուսուլմաններով: Երկրում առկա են չորս մզկիթներ իրենց մինարեթներով, և կարող ենք ասել, որ շվեյցարացիներն իրենց առօրյա կյանքում համարյա չեն շփվում իսլամի հետ»:
«Չնայած այդ փաստին, մինարեթների արգելման որոշումը քննարկելիս բացահայտվեց եվրոպական իրականությունը: Այս փոքրիկ երկրի հանրաքվեի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել և շարունակվում են տարածվել ամենուր …»:
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Եվրոպան կարող է ապրել իսլամի հետ, թուրք լրագրողն ասում է, որ. «Եվրոպան երկար ժամանակ լինելով հանդուրժողականության ջատագով և մարդու իրավունքների պաշտպան, հանկարծ դարձել է անհանդուրժող և խտրական, դեմ է գոյակցությանը և իսլամն ընկալում է որպես սպառնալիք:
«Եվրամիության 500 մլն բնակչության շրջանում ապրող 20 մլն մուսուլմանները «անհանգստացնող գործոն» պիտակն են ստացել: «Արդյոք կարո՞ղ ենք բարյացակամ լինել իսլամի հանդեպ» հարցը քննարկման առարկա է դարձել: Եթե այս հարցադրումը ձևափոխենք, ապա այն կհնչի հետևյալ կերպ՝ «Արդյոք մենք կընդունե՞նք Թուրքիային»: Իսկ սա նշանակում է, որ Շվեյցարիայի հանրաքվեն բացահայտեց, թե ինչու է Եվրամիությունը խոչընդոտում Թուրքիայի լիիրավ անդամակցությանը»:
«Եվրոպացիներն իսլամն ընկալում են որպես սպառնալիք և նրանք դեռ պատրաստ չեն ապրել մուսուլմանների հետ»:
Թուրք լրագրողը գտնում է, որ չնայած շվեյցարացիներն իրենց առօրյա կյանքում հեռու են իսլամից ու մզկիթներից, սակայն մինարեթների արգելման հանրաքվեում կողմ քվեարկելով, նրանք արտահայտեցին իսլամի հանդեպ Եվրոպայի ընդհանուր դիմադրությունը. «Եվրոպայի հիմնական մասն ահաբեկչությունն ու իսլամը նույնացնում է: Աֆղանստանում «Թալիբան» շարժման գործողությունները, Իրաքում ինքնասպանությունները և Իրանում տեղի ունեցող իրադարձությունները դնելով մեկ ընդհանուր նժարի վրա, եվրոպացիները դրանք համարում են մուսուլմաններին բնորոշ: Կանայք, որոնք սպանվում են տարբեր ավանդույթների պատճառով, ընկալվում են իբրև իսլամի խորհրդանիշ»:
Մեհմեդ Ալի Բիրանդի կարծիքով, Եվրամիությունը չի ճանաչում իսլամը և չի էլ ձգտում դրան՝ բավարարվելով միայն հեռուստատեսությամբ ու մամուլով ստացած տեղեկատվությամբ: Այստեղից էլ մուսուլմանների մասին նրանց մոտ ձևավորված կարծրատիպը՝ մոլեռանդ, անհանդուրժողական և կանանց արհամարհող: Այն հարցին, թե արդյո՞ք այս տեսակետը երբևէ կփոխվի, թուրք լրագրողը պատասխանում է, որ եվրոպացիներին համոզելու համար դեռ երկար ու դժվարին ճանապարհ պետք է անցնել, և մոտ ապագայում չի կարելի որևէ համաձայնություն ակնկալել:
«Եվրոպայի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ շատ քիչ է տարբերվում այս մոտեցումից: Թուրքիայի կերպարը նույնացվում է այն պատկերների հետ, որոնք ցուցադրվում են Թալիբանի, Հեզբոլլայի և Համասի մասին»:
«Եթե որևէ առաջընթաց չգրանցվի Թուրքիայի և Եվրամիության միջև, եթե ԵՄ մյուս անդամները չհակադրվեն Սարկոզիի և Մերկելի՝ Թուրքիային ԵՄ լիիրավ անդամության փոխարեն «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ տրամադրելու առաջարկին, ապա հիմնական պատճառը ոչ թե Կիպրոսն է, այլև Եվրամիության վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ՝ կրոնական տեսանկյունից»:
Ամփոփելով, թուրք լրագրողը գրում է, որ Շվեյցարիայում անցկացված հանրաքվեն փչացրեց Թուրքիայի՝ Եվրամիության երազանքը և միաժամանակ բացահայտեց մեկ այլ իրականություն:
«Հետաքրքի՞ր է` այս իրավիճակը կփոխվի» հարցին` Մեհմեդ Ալի Բիրանդը պատասխանում է. «Իհարկե, սակայն երկար ժամանակ է պահանջվում, և այն հիմնականում կախված է միջազգային իրադրության փոփոխությունից»:
Հ.Գ. Հայոց Ցեղասպանությունն իրագործած և չապաշխարած, Կիպրոսի տարածքների մի մասը դեռևս բռնազավթած և երկրի ներսում ազգային ու կրոնական փոքրամասնությունների, և ընդհանրապես մարդու իրավունքները մշտապես ոտնահարող Թուրքիան տասնամյակներ շարունակ երազում է դառնալ Եվրամիության անդամ: Թուրքերն այդ ճանապարհին ցանկացած խոչընդոտի հանդիպելիս զայրույթով են լցվում Եվրոպայի և եվրոպացիների հանդեպ՝ իրենց «ժողովրդավարական» երկիրը եվրոպական ընտանիքում գրկաբաց չընդունելու համար …
Այս առիթով տեղին է հիշել մեծն Թումանյանի խոսքերը.
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև ՄԱՐԴԸ իր ճամփան:
Միգուցե Եվրոպայում դեռևս հիշում են Լլոյդ Ջորջի.՚Թուրքը ժանտախտն ու անեծքն է այն վայրերի, որտեղ նա փռել է իր վրաններըՙ կամ Զեեվ Ժաբոտինսկու ՚Այնտեղ, որտեղ թուրքն է կառավարում, այնտեղ արևը չի լուսավորում և խոտը չի աճումՙ խոսքերը…
Ռուզաննա Ավագյան












