Ի՞նչ նպատակներ է հետապնդում Էրդողանի այցը Մոսկվա
Հունվարի 12-ին տեղի կունենա Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի պաշտոնական այցը Մոսկվա։ Ռուս վերլուծաբան Վլադիմիր Զախարովի կարծիքով Թուրքիայի վարչապետի այցը ոչ այնքան երկու երկրների միջև տնտեսական ու էներգետիկ համագործակցության ամրապնդման նպատակ է հետապնդում, ինչքան Ղարաբաղի խնդրի շուրջ իր նպատակները Ռուսաստանի հետ քննարկելը։ Նրա կարծիքով Թուրքիան այդ ամենն անում է՝ առանց թաքցնելու տարածաշրջանում խաղաղարարի դերակատարում ունենալու իր հեռահար նպատակները։ Բոլորովին վերջերս Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն հայտարարել էր, որ Մոսկվայում տեղի ունենալիք հանդիպման ընթացքում այլ հարցերի հետ զուգահեռաբար կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը, սրանով՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Ռուս վերլուծաբանի կարծիքով, Թուրքիան այնքան էլ ոգևորված չէ ղարաբաղյան խնդրի շուրջ Ադրբեջանին թև ու թիկունք լինելու գաղափարով։ Նրան այս պահին ավելի շատ հետաքրքում են Հայաստանի հետ հարաբերությունների կայունացումը, որը կդանդաղեցնի համաշխարհային հանրության, առավելապես` ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչին Թուրքիան հույս ունի հասնել Ռուսաստանի օժանդակությամբ։
ArmAr.am












