Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ-ում վերականգնվում են ադրբեջանցիների կողմից ավերակված դպրոցները

Սեպտեմբեր 5, 2009թ. 19:06

Հինգամյա Մանանա Միրզոյանի հիշողության մեջ  2009թ. սեպտեմբերը հավերժ կմնա: Այս տարի նա առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շեմին: Նոր ուսումնական տարվա մեկնարկը, սակայն, տոն էր ոչ միայն նրա և իր հասակակիցների, այլեւ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բոլոր բնակիչների համար. նոր ուսումնական տարին մաղավուզցի դպրոցականները դիմավորեցին դպրոցական նոր շենքում: Այս առթիվ մաղավուզցիներին շնորհավորելու էին եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուդիկ  Հյուսնունցը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանն ու այլ հյուրեր:

Դպրոցական հին շենքը հիմնվել էր 1978թ-ին: Հայրենի գյուղը ազերիների կողմից բռնազավթվելուց հետո դպրոցական շենքը վերջիններիս կողմից հիմնովին ավերվել էր:

Դպրոցի տնօրեն Էլզա Հարությունյանն ասաց, որ  վերակառուցված դպրոցում այս ուսումնական տարում  կուսանի 60 աշակերտ:

Մաղավուզի միջնակարգ դպրոցը կրում է արցախյան հերոսամարտի նահատակներից մեկի` Մհեր Դանիելյանի անունը: Նորակառույցի բացման առիթով  մաղավուզցի դպրոցականներին բարեմաղթանքներ  հղեց ազատամարտիկի մայրը` Մելորա Միրզաբեկյանը:

Վարչապետ Արա Հարությունյանն ու  նրա ուղեկիցները շրջեցին դպրոցում. մոտ 220 հոգու համար նախատեսված,  27 ուսուցիչ ունեցող դպրոցն ունի ընդարձակ մարզադահլիճ, 15 լուսավոր, կահավորված դասասենյակներ, ջեռուցում և մշտական ջուր: Մաղավուզցիների հետ դպրոցի հանդիսությունների սրահում հանդիպման ժամանակ Արա Հարությունյանը հավաստիացրեց, որ դպրոցաշինությունը մեր երկրում շարունակական բնույթ է կրելու:

Վարչապետ Արա Հարությունյանն իր ելույթում նկատեց, որ դպրոցաշինությունը մեր երկրում շարունակական բնույթ է կրելու:  2007թ. ապրիլին մեկնարկած 220 մլն դրամ արժողությամբ շենքի վերակառուցումն ու կահավորումը ֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը: Վարչապետը համակարգչային դասասենյակում տեսնելով միայն հին համակարգիչներ, խոստացավ դպրոցին նվիրել երկու նոր համակարգիչ եւ DVD նվագարկիչ:  Դպրոցական գույքի ձեռքբերման հարցում  օժանդակությու են ցույց տվել արմատներով Մաղավուզցի, ներկայումս Մոսկվայում բնակվող  Վրեժ և Կամո Գրիգորյանները:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`