Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սարգսյանը ցավակցել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան կապակցությամբ

Հունվար 11, 2010թ. 19:46

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ականավոր պետական եւ հասարակական գործիչ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան մասին։

Ֆադեյ Սարգսյանն արժանիորեն վայելում էր պետականության բարձր գիտակցությամբ օժտված, բանիմաց ու հեռատես գործչի համբավ, ում ողջ կենսագրությունը երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրվելու վառ օրինակ է։ Տարիներ շարունակ զբաղեցնելով ամենաբարձր պետական պաշտոններ` մինչեւ կյանքի վերջին օրը նա հավատարիմ մնաց մարդկային իր հատկանիշներին` ընդգծված համեստությանը, բարությանն ու ներողամտությանը: Ժամանակակիցները նրան միշտ կհիշեն իր բարի ժպիտով, որը միաժամանակ ե՜ւ քաջալերում, ե՜ւ պարտավորեցնում էր:

Ցանկացած աշխատանք կամ ոլորտ, որ ղեկավարվել է Ֆադեյ Սարգսյանի կողմից, հուսալիության ամուր պաշար եւ հաջողության լուրջ հավակնություններ է պարունակել: Մեծ է նրա` որպես կառավարության ղեկավարի ավանդը Հայաստանի զարգացման գործում։ Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսեւորվել են նաեւ հանրապետության գիտական կյանքի կազմակերպման գործում` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ղեկավարելու տարիներին։

Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում հայրենիքի առաջ ծանրակշիռ ծառայություններ ունեցող մարդու ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն