Ժամը 11:00-ին ՀՀ ՍԴ-ն կսկսի Արձանագրությունների քննարկումը
Այսօր ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը կգումարի իր նիստ, որի ժամանակ կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները:
Ելույթ կունենա ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը հանդես կգա որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ` հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններով: Նիստի զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը։
Ասենք, որ նախատեսված է նիստն անցկացնել դռնբաց։
Արձանագրությունների հարցը կորոշվի ՍԴ անդամների ընդհանուր թվի ճնշող մեծամասնությամբ, որից հետո փաստաթղթի շուրջ կարծիքներն ու ընդունված որոշումը կներկայացվեն ՀՀ նախագահին:
Համաձայն ընթացակարգի, ՀՀ նախագահը ՍԴ կարծիքը և նշյալ փաստաթղթերը կներկայացնի ՀՀ Ազգային ժողով` քննարկման և վավերացման, որտեղ սահմանված կարգով վավերացվելուց հետո ԱԳՆ-ն արձանագրությունների վերաբերյալ կկազմի վավերագիր և կներկայացնի նախագահի ստորագրմանը: Վավերագիրը կամրագրվի ՀՀ կնիքով և ԱԳ նախարարի ստորագրությամբ: Ավարտական փուլում տեղի կունենա վավերագրերի փոխանակում, որից հետո դրանք կմտնեն ուժի մեջ:
Այս ընթացակարգը կգործի, իհարկե, այն դեպքում, եթե ՍԴ-ն դրական որոշում կայացնի: Բայց եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ արձանագրություններում ամրագրված պարտավորությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ապա գործընթացը կկասեցվի: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է կասեցվել նաև ԱԺ-ում, եթե խորհրդարանականները քննարկման ժամանակ չվավերացնեն Արձանագրությունները:
Բացի այդ եթե ՍԴ-ն չկարողանա այսօր վերջնական որոշում ընդունել, ապա այն կարող է հետաձգվել 10 օրով, սակայն մեկ ամսից ՍԴ-ը պետք է նշանակի լսումների օր, կամ ետ ուղարկի Արձանագրությունները:
ArmAr.am












