Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանն այս տարի չի գնա Դավոս

Հունվար 12, 2010թ. 13:42

erdoganԵրեկ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ այս տարի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին Թուրքիայի վարչապետի փոխարեն մասնակցելու է երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը:

«Ես այդ մասին մի անգամ արդեն ասել եմ և չեմ պատրաստվում նորից գնալ այնտեղ», – ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, վկայում է «Milliyet» օրաթերթը:

«Hurriyet» թերթը ևս հաստատել է, որ Դավոսի համաժողովին վարչապետ Էրդողանի փոխարեն կմասնակցի ֆինանսների նախարար Շիմշեքը: Շիմշեքը կարևորել է Թուրքիայի մասնակցությունն այդ համաժողովին՝ նկատի ունենալով միջազգային ներդրողների հետ հարաբերությունների հաստատումը:

Այս տարվա գագաթաժողովում կնշվի Համաշխարհային տնտեսական համաժողովի 40-ամյակը:

Հիշեցնենք ընթերցողներին, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել է մոտ մեկ տարի առաջ, երբ մասնակցում էր Մերձավոր Արևելքի խնդրին նվիրված մի քննարկման, որին մասնակցում էր նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

Թուրքիայի վարչապետը խոսել էր 12 րոպե, նա դատապարտել էր Իսրայելի գործողությունները՝ նշելով, որ դրանց արդյունքում զոհվել են մեծ թվով խաղաղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Պերեսը խոսել էր 25 րոպե: Նա արդարացրել էր ռմբահարումները և գրեթե գոռալով դիմելով Էրդողանին՝ հռետորական հարց էր տվել. «Դուք ի՞նչ կանեիք, եթե Ստամբուլը ամեն գիշեր ռմբակոծվեր»: Զայրույթից կարմրած Էրդողանը փորձել էր պատասխանել, սակայն բանավեճ վարողն առարկել էր:

Ի դեպ, հանդիպումը վարում էր ամերիկացի անվանի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը, ով ծագումով հայ է, և այս հանգամանքը թուրքերն օգտագործեցին՝ նրան մեղադրելու Դավոսում քաղաքական խոշոր սկանդալի առաջացման համար: Թուրքիայի վարչապետը  Իգնատիուսին հրապարակավ մեղադրեց կողմնակալության մեջ: Նա Իսրայելին մեղադրեց «բարբարոսական» գործողություններ կատարելու, իսկ Իսրայելի նախագահ Պերեսին՝ մարդասպանության մեջ՝ նրա երեսին շպրտելով հետևյալ խոսքերը. «Դուք շատ լավ գիտեք, թե ինչպես մարդկանց սպանել»: Իսկ հետո արհամարհելով բոլորին, աղմուկ-աղաղակով լքեց դահլիճը, բացականչելով.«Չեմ կարծում, որ կվերադառնամ Դավոս սրանից հետո, քանի որ ինձ թույլ չեք տալիս խոսել»:

Ռուզաննա Ավագյան


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն