Հարմար առիթը բաց թողեցինք
Շուտով կլրանա ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերի 22 տարին: Ողջ մնացածները ամեն տարի հիշելու ու հարգելու են անմեղ զոհրի հիշատկը` հուսով, որ մի օր թշնամին կստանա իր արժանի պատիժը:
ՀՀ փաստաբանների միության նախագահ, Սումգայիթյան դատավարությունների մասնակից Ռուբեն Սահակյանի համոզմամբ, հեշտ չէ ցեղասպանություն ճանաչել տալը. «Այդքան հեշտ չի ցեղասպանության հարց բարձրացնել և լուծում տալ: Խոսքով շատ հեշտ է, բայց օրենքի տեսակետից, ապացուցողական բազա ստեղծելու տեսակետից, շատ դժվար է, առավել ևս այսքան տարիներ անց: Այդ ամենը պետք է կատարվեր շահագրգիռ կերպով, խորհրդային իշխանությունների կողմից` 1988թ: Դա չի կատարվել, վերականգնել կորցրածը այլևս հնարավոր չէ: համոզված եմ, որ ճշմարտությունը ջրի երես հանելու գործընթացին վերջակետ դրվեց, երբ քննչական խմբի ղեկավար պարոն Գալկինը ավարտեց իր քննությունը և գործը, առանձին դրվագների բաժանելով, հանձնեց Ռուսաստանի Դաշնության մարզային դատարաններ: Հայցերի մի մասն էլ լսեցին Ադրբեջանի դատարաններում, սակայն գործերի ընթացքից տեղյակ չեմ: Համոզված եմ, որ Սումգայիթյան ջարդերը երբեք չեն ճանաչվի որպես ցեղասպանություն, ու ընդհանրապես, 1988-ից միչև մեր օրերը Ադրբեջանում կատարվածը չի ճանաչվելու որպես ցեղասպանություն»:
Այն հարցին, թե ունեցած ապացույցներով, ողջ մնացածների ցուցմունքներով հնարավոր չէ՞ դատական գործընթաց վերսկսել միջազգային ատյաններում, պարոն Սահակյանը պատասխանեց. «Դատեք ինքներդ. ականատեսները ինչպե՞ս կարող են ասել, որ դա կազմակերպված էր Ադրբեջանի պետության կողմից: Կարող են ենթադրություն անել: Իսկ մեր Սահմանադրության մեջ և բոլոր պետությունների Սահմանադրություններում ասվում է, որ ենթադրությունները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում: Ուղղակի ապացույցներ որևէ մեկը տրամադրել չի կարող: Ես համոզված եմ, որ սա եղել է ցեղասպանություն, բայց դա իմ ներքին համոզմունքն է` դատելով քրեական գործի կցկտուր նյութերից: Կոնկրետ անձանց նկատմամբ կատարված սպանությունների, խոշտանգումների, հրկիզումների ապացույցներ կան, բայց դրանք բավարար չեն ապացուցելու, որ դա կազմակերպված էր պետության կողմից: Բացի այս, Ադրբեջանի որևէ քաղաքացի որպես վկա ցուցմունք կտա՞ իր պետության դեմ: Այդ դեպքում ապացույցների հնարավորությունը ո՞րն է»:
Փաստաբանը համոզված է, որ սկզբում հնարավոր էր գործը շահել. «Շատ դժվար էր, բայց հնարավոր էր: Մենք հարմար առիթը բաց թողեցինք: Գործը քննվում էր ԽՍՀՄ գլխավոր դատախազության կարևորագույն գործերով քննիչի կողմից, որը կատարում էր կառավարության և կուսակցության հրահանգները: ԽՍՀՄ-ին ձեռնտո՞ւ էր, որ իր բազմազգ պետության մեջ ինչ-որ մի հատվածը ոչնչացնի մյուսին, և դա դիտվի որպես ցեղասպանություն… Ռուսաստանն էլ հռչակեց իրեն ԽՍՀՄ իրավահաջորդ, բնական է, որ նա էլ շարունակելու է նախկին վարչակազմի քաղաքականությունը»:
Իսկ թե ինչո՞ւ ՀՀ-ն կատարվածին չտվեց իր քաղաքական ու իրավական գնահատականը, պարոն Սահակյանը անկեղծացավ. «Չգիտմ, դա քաղաքականություն է»:
Լիլիթ Պողոսյան
Ես կողմակից չեմ արձանագրություներին;












