Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանին պետք է դատի տալ, աշխարհին ներկայացնել այն ոճրագործությունները, որ Ադրբեջանը գործել է Նախիջևանի տարածքում` հայկական հուշարձանների նկատմամբ:

Սեպտեմբեր 7, 2009թ. 11:07

Հարցազրույց մատենագիր, հրապարակախոս ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

– Պատմական ի՞նչ իրավիճակում Նախիջևանը հանձնվեց ադրբեջանցիներին: Կխնդրեի խոսել իրավական հիմքերի մասին:

– 1921 թվականի մարտի 16-ի Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով բուն հայկական` Նախիջևանի տարածքը, որն այդ ժամանակ Երևանի նահանգի կազմում էր գտնվում, Խորհրդային  իշխանությունները հանձնեցին  Ադրբեջանի խնամակալությանը: Սա միջազգային իրավագիտության մեջ աննախադեպ քայլ էր, որ, փաստորեն, Հայաստանից առանձնացվեց և մեկ այլ պետության խնամակալությանը հանձնվեց տարածք` առանց Հայաստանի իշխանությունների մասնակցության:

Պետք է այդ պայմանագրի կետերը վերանայվեն և չեղյալ համարվեն: Սա է պահանջում իրավագիտությունը, միջազգային դիվանագիտությունը: Ցավոք, այդ պայմանագիրը հիմք հանդիսացավ և 1921 թվականին որպես ինքնավար մարզ ձևավորվեց Նախիջևանը` իր կազմում ներառելով պատմական Հայաստանի հինգ գավառները: Հետագայում` 1924 թվականին, ինքնավար մարզը ձևավորվեց որպես ինքնավար հանրապետություն: Ցավոք, անցած տասնամյակների ընթացքում Խորհրդային Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին Նախիջևանի խնդիրները բարձրացնելու, Նախիջևանի հայությանը տեղում պահելու համար: Դա հանգեցրեց նրան, որ ադրբեջանական իշխանությունների ճնշման ներքո, մասնավորապես, 1940-ական թվականներից, Նախիջևանի հայությունը մաս առ մաս տեղափոխվեց Հայաստան, Ռուսաստան և այլ վայրեր: Այդ տարիների ընթացքում արդեն աստիճանաբար փակվեցին հայկական դպրոցները, մնացած բնակչությունն էլ` մոտ 3 հազարի չափ, որ 88-ի Արցախյան շարժման ժամանակ  հիմնականում մեծահասակներն էին, բռնագաղթեցին Հայաստան:

– Այսօր Դուք բարձրացնում եք Նախիջևանի հարցը: Սակայն արդյո՞ք խնդիրը ժամանակավրեպ չէ, երբ դեռ դիվանագիտական հարթության մեջ չի ավարտվել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը:

– Այո, պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, այս խնդիրը բարձրացվեց նաև 1997 թվականին, Երևանում: Եվ այն ժամանակ, և այսօր  Նախիջևանի խնդրին անդրադառնալու ժամանակը չէ: Ինչո՞ւ: Թող որևէ  մեկի մտքով չանցնի, թե ես, որ երկար տարիներ զբաղվել եմ Նախիջևանի խնդիրներով, դեմ եմ, որ այդ հայկական տարածքը վերամիավորվի Հայաստանին: Ամենևին: Խնդիրն այն է, որ եթե այսօր մենք Արցախի չլուծված խնդիր ունենք, միջազգային ատյաններում Արցախի խնդիրը հիմնականում հիմնավորում ենք ժողովուրդների ազատ ընտրության գաղափարով, միևնույն ժամանակ չենք կարող բանակցությունների սեղանի մի մասում բանակցել պատմական ճշմարտությունը վեր հանելու, պատմական սխալը շտկելու, տվյալ դեպքում` Նախիջևանի, ինչպես նշեցի, 1921 թվականի ոչ իրավական, պատմական տեսակետից սխալ որոշումը ճշգրտելու ուղղությամբ: Այդ խնդիրները պետք է բարձրացվեն ճիշտ  ժամանակին, երբ կա դրա անհրաժեշտությունը  և հարկ է մտածել քայլերի հաջորդականության մասին:

– Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ Նախիջևանի խնդիրը մի պահ աշխուժացավ, այդ նույն ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց հայկական բոլոր հուշարձանները, մասնավորապես` Ջուղայի խաչքարերը:   Ստացվում է այնպես, որ մենք խոսում ենք, ադրբեջանցիները` գործում:

– Սովորաբար այդպիսի խնդիրները բարձրացնում են այն ժամանակ, երբ տարածաշրջանային կամ երկրի միջազգային դրությունը նպաստավոր է: Բայց այսօր Արցախյան խնդրի առկայության պայմաններում մտնել մեկ այլ ծանր լծի տակ, ինչպես Նախիջևանի խնդիրն է, Հայաստանը պատրաստ չէ  ոչ դիվանագիտորեն, ոչ  ներքին, ոչ էլ արտաքին ռեսուրսներով: Ես այն կարծիքին չեմ, որ պետք է Նախիջևանի խնդիրը մոռացության մատնել: Ընդհակառակը, պետք է միշտ օրակարգում պահել: Բայց մինչև այդ խնդիրը օրակարգ հասցնելը, պետք է Հայաստանը տասնամյակների աշխատանք կատարի, ուսումնասիրի միջազգային դիվանագիտությունը, պատրաստի փաստաթղթեր, վերլուծի Նախիջևանի իրավիճակը, նրա հայկական լինելու պատմականությունը, որ մենք կարողանանք միջազգային ասպարեզում ապացուցել, որ այն հայկական է: Այսօր ոչ մի հայ չի բնակվում այնտեղ, հայկական հուշարձաններն ավերված են, բնական է, այնտեղ  երբեք չի գործի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

– Վերջին ասուլիսում Դուք հայտարարեցիք Ադրբեջանին դատի տալու մասին:

– 1998-2000 թվականներին բոլոր հայկական հուշարձանները Ադրբեջանը կոտորեց և ավերեց, սակայն առ այսօր Հայաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկել Ադրբեջանին դատական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Արդյունքում այժմ Ադրբեջանը հայտարարում է, որ Նախիջևանի տարածքում հայկական հուշարձաններ չեն եղել: Իսկ մեր պաշտոնյաները հակահարված չեն տալիս` փաստելով, որ մենք պարտվել ենք: Իսկ ինչո՞ւ Ադրբեջանին պետականորեն դատի չտալ, աշխարհին չներկայացնել այն ոճրագործությունները, որ Ադրբեջանը գործել է Նախիջևանի տարածքում, ոչ միայն Նախիջևանի, այլև Ադրբեջանի մյուս տարածքների հայկական հուշարձանների նկատմամբ: Սա մեր պետության մեծ բացթողումն է: Ես «Նախիջևան» հայրենակցական միության միջոցով բանակցություններ եմ վարել ԱՄՆ-ի իրավաբանական կազմակերպություններից մեկի հետ, ներկայացրել եմ փաստեր, փաստաթղթեր և իրավունք ենք տվել այդ կազմակերպությանը, որպեսզի եվրոպական երկրներից մեկում դատ սկսի Ադրբեջանի դեմ: Առայժմ կոնկրետ քայլեր, տեղաշարժեր չկան, չեմ էլ կարծում, որ կարող է լուրջ տեղաշարժ լինել, քանի դեռ մեր հանրապետությունը պետական մակարդակով չի աջակցում այդ գործին: Ես իմ հրապարակախոսական հոդվածներում, մամուլում և հեռուսատեսությամբ բազմաթիվ անգամ խոսել եմ, իշխանություններին մատնացույց եմ արել խնդիրը: Առ այսօր Հայաստանի իշխանավորներից ոչ մեկը մատը մատին չի խփել, չի փորձել առաջարկները դարձնել գործնական, փաստաթղթերի վերածել: Նույնիսկ Նախիջևանի մասին իմ հրատարակություններին պետությունը որևէ աջակցություն չցուցաբերեց: Ջուղայի խաչքարերի վերաբերյալ իմ գիրքը, որում լուսանկարներ են, առաջարկեցի արտգործնախարարությանը, Մշակույթի, Կրթության և գիտության, Սփյուռքի նախարարություններին, որպեսզի գոնե իրենք իրենց շրջանակներում այն բաժանեն: Մեր դիվանագիտական կորպուսը շատ աղքատ է Նախիջևանի խնդրներում: Բայց որևէ պատասխան չեմ ստացել, որևէ մտահոգություն չի արտահայտվել:

– Կա՞ն խաչքարերի ոչնչացման լուսանկարված կամ տեսագրված ապացույցներ:

– 1998, 2000, 2005, 2006 թվականների, մասնավորապես, 2005 թվականի ջարդը, երբ տեխնիկայով զիված մոտ 100 զինվոր մեկ շաբաթ շարունակ ջարդում էին Ջուղայի գերեզմանոցի խաչքարերը և լցնում Արաքսի ափը, պարսկական սահմանից Ատրպատականի թեմի առաջնորդն իր համակիրների միջոցով մեկ ժամից ավելի տևողությամբ նկարահանել է այդ վանդալիզմը: Այդ մասին տեղյակ են միջազգային կազմակերպությունները: Կան նաև Ջուղայի տարածքում  հայկական մի քանի եկեղեցիների ավերման փաստեր:

–  Հրատարակված ի՞նչ գրքեր կամ նյութեր կան, որոնք հանգամանալից տեղեկատվություն են պարունակում բուն հայկական բնակավայր Նախիջևանի մասին:

– Խորհրդային իշխանության տարիներին Նախիջևանի վերաբերյալ առհասարակ ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել: Սա աններելի փաստ է ՀՀ ԳԱԱ-ի և, առհասարակ, Հայաստանի ու հայության համար: Իմ անձնական նախաձեռնությամբ` 1965 թվականից ի վեր, զբաղվել եմ Նախիջևանի խնդիրներով և մինչև 1988 թիվը բազմաթիվ այցելություններ ունեցել, գիտարշավներ կազմակերպել դեպի Նախիջևան, լուսանկարել, չափագրել, փաստագրել բոլոր հայկական հուշարձանները: 70-ականներից Հայաստանի գիտական մամուլում հրապարակել եմ հոդվածներ, ապա դրանք հրատարակել առանձին գրքերով` 24 հատոր եռալեզու աշխատություններ են: Այդ հատորները Նախիջևանի մասին միակ փաստավավերագրական նյութերն են: Ցավալի է, որ Հայաստանի դիվանագիտական, քաղաքական իշխանությունները ոչ միայն այս հրատարակությունները չեն օգտագործել Նախիջևանի խնդիրը միջազգային ասպարեզում ներկայացնլու համար, այլև շատերն անգամ անտեղյակ են:

Սփյուռքում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, բազմաթիվ դասախոսություններ եմ կարդացել, ցուցահանդեսներ  կազմակերպել` Մոսկվայում, Թեհրանում, Նոր Ջուղայում, ԱՄՆ-ում, Հարվարդի համալսարանում, կազմակերպել կլոր սեղաններ, գիտաժողովներ, հեռուստահաղորդումներ, և այս ամենի համար ՀՀ պետական իշխանությունները մեկ լումա չեն ծախսել:

– Վերջերս տեսակետ հայտնեցիք Ադրբեջանից հայ փախստականների` Նախիջևան և Շահումյան վերադարձնելու մասին: Դա իրատեսական համարո՞ւմ եք:

– Իհարկե դա իրատեսական չէ: Հայ փախատականը Նախիջևան չի վերադառնա: Բայց այստեղ կա խնդրին քաղաքական հարթությունից դիտարկելու անհրաժեշտություն: Ադրբեջանական կողմը միշտ բանակցությունների ժամանակ բարձրաձայնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդիրը: Բայց մեր իշխանությունը երբեք բանկացություններում մեր` մասնավորապես  նախիջևանցի փախստակաների` իրենց հայրենիք վերադառնալու խնդիրը չբարձրացրեց: Մինչդեռ պետք էր: Իհարկե, չեն գնա, բայց պետք է խնդիրը բարձրացնել` որպես  հակակշիռ ադրբեջանական պնդումներին:

– Ունենք  ազգային  չլուծված տարբեր խնդիրներ: Կարծում եք` ճի՞շտ է այդ ամենի լուծումը պահանջել միայն իշխանություններից . շատ ավելի օգտակար գործ կարող են անել հասարակական կազմակերպությունները:

– Համաձայն եմ: Այո, հայ ղեկավար լինելը շատ մեծ հերոսություն է, քանզի այդպիսի չլուծված խնդիրներ ունենք:   Ցավոք սրտի ազգային ծրագիր չունենք, որ իմանանք մեր քայլերի հերթականությունը: Երբեմն որոշակի պահի  այս կամ այն խնդիրներն ենք բարձրացնում: Իշխանությունը պետք է համախմբի ներուժն ու անհրաժեշտ ուղղությամբ ուղղորդի:

Սևակ ՀԱԿՈԲՅԱՆԻ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`