Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

«Գլխավորը Հայաստանի շահն է»

Հունվար 12, 2010թ. 18:35

20091020044803SDԻնչպես և ենթադրվում էր, ՀՀ ՍԴ-ն այսօր որոշում կայացրեց, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության Հռչակագրին։

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մինչև որոշումը հրապարակելը մոտ 20 րոպե ներկայացնում էր այն փաստարկները, որոնցով պետք է հիմնավորվեր նման որոշումը։ Հատկանշական է այն, որ հանգամանալից նախաբանում ՍԴ-ն ընդունում էր բոլոր այն փաստարկները, որոնք բազմիցս առաջ էին քաշվել մի շարք կուսակցությունների և կազմակերպությունների կողմից և որոնք առավելապես հուզում են մեր ժողովրդին. դրանք վերաբերում էին և ցեղասպանությանը, և հայ-թուրքական սահմանի բացմանը, և այս գործընթացում երրորդ կողմի կամ երրորդ երկրի մասնակցության բացառմանը և այլն։ Սակայն բուն որոշման տեքստում այդ վերապահումների մասին ընդհանրապես չէր հիշատակվել։

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հետևյալն էր.

«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգմացման մասին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 21-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Այս տողերը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից ընթերցվելուց հետո դահլիճում դժգոհության ալիք բարձրացավ, հնչեցին «Խայտառակություն», «Ազգի դավաճաններ», «Պատմությունն ուրացողներ» և մի շարք այլ բացականչություններ։ Այս աղմուկի ուղեկցությամբ էլ ՍԴ դատավորները լքեցին ՍԴ դահլիճը։

Մեկնաբանելով ՍԴ որոշումը` ՀՅԴ  ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ մի բան պարզ է` այն մասը, որը վերաբերում է արձանագրությունների իրավական հիմնավորումներին, գրեթե 80%-ով արձագանք է եղած մտահոգություններին։ «Սակայն խնդրիրն  այն է, որ եթե Հայաստանը այդպես է դիտում այս փաստաթուղթը, դա դեռ չի նշանակում, որ Թուրքիան էլ է այն այդպես դիտում»։  Ըստ Ա.Ռուստամյանի, հնչած վերապահումները դրսի համար ուժ չունեն, որովհետև իրավական ուժ ունի միայն որոշման վերջին մասը։

«Դրականն այս ամենից այն է, որ ՍԴ-ն անդրադարձ է կատարել եղած բոլոր մտահոգություններին։ Սակայն արդյո՞ք նույն այս տրամաբանությամբ կընթերցվի այս որոշումը թուրքերի կողմից։ Դրանից խուսափելու համար համապատասխան վերապահումները պետք է փոխանցվեն Թուրքիային»։  Ա. Ռուստամյանի կարծիքով, դրան հասնելու երկու ճանապարհ կա. առաջինն այն է, որ կանոնակարգի փոփոխություն կատարվի և վերապահում կատարելու իրավունքը փոխանցվի Աժ-ին։  Կամ էլ ՀՀ նախագահի կողմից ՍԴ որոշմումը ԱԺ ներկայացվի վերապահումների հետ միասին։ Նշվեց նաև, որ ՀՅԴ-ն հետագա պայքարը շարունակելու է ՀՀ խորհրդարանում

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի կարծիքը ՍԴ որոշման, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին անփոփոխ էր. նա մեկ անգամ ևս նշեց, որ դրանցում նախապայմաններ չկան, որ եթե   այդպիսիք լինեին, ապա արձանագրությունները  հոկտեմբերի 10-ին չէին ստորագրվի։

Սակայն Է. Շարմազանովի կարծիքով, արձանագրությունները առաջինը պետք է վավերացնի Թուրքիայի խորհրդարանը։ Որովհետև դրանց ստորագրումից հետո Թուրքիան բազմիցս խոսել է նախապայմանների լեզվով, իսկ Հայաստանն իր պարտավորություններից երբևէ չի շեղվել։ «Սրանք շատ բարդ հարաբերություններ են, որտեղ գլխավորը ՀՀ շահն է, և ամեն ինչ պետք է արվի այն բարձր պահելու համար»,- ընդգծեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն